Պարոնայք, ձեր գործը Ֆեյսբուքում քննադատություններին հակառակվելը չէ, ապացուցելը չէ, որ վիճակը հեսա-հեսա կլուծվի. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիմա դուք ո՞ւմ եք հեգնում, ո՞ւմ եք անազնիվ կոչում, ո՞ւմ եք դժբախտ համարում․․․
Քաղաքապետի տեղակալը հեգնում է, թե «աղբի նկարներով օր լուսացնելն ու մթնեցնելը, հավատացեք, մեր երեխաներին աշխարհի լավագույն պետություն թողնելու ամենակարճ ճանապարհը չէ», ասում է ափսոսացեք ձեզ, աղբակույտեր նկարողներ․․․
Քաղաքապետի մամլո խոսնակն ասում է՝ անազնիվ է «մի քանի լիքը աղբաման նկարելն ու ցույց տալը, թե ԻԲՐ քաղաքը աղբի մեջ կորած է»։
Նույն ուժի ավագանու անդամն էլ մաղթում է աղբաման նկարող ու Ֆեյսբուքում բողոքողներին, որ «կյանքը մի թեթև երջանկություն բերի»:
Այո, ստորև բերված նկարներից ճիշտ կռահեցիք, օրերով լցված աղբամանները նկարելը և Ֆեյսբուքում հրապարակելը սկսել էինք դեռևս ԵԼՔ դաշինքի ավագանու ընտրություններին, երբ նույնիսկ իրավիճակը այսքան վատ չէր․․․ սկսել էր քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Խաժակյանը, մյուս գործընկերները և շատ ու շատ քաղաքացիներ, ովքեր գտնում են, որ աղբահանության նման մակարդակը արժանապատիվ չէ մեր քաղաքացիների համար!
Պարոնայք, ձեր գործը Ֆեյսբուքում քննադատություններին հակառակվելը չէ, ապացուցելը չէ, որ վիճակը բավարար է կամ հեսա-հեսա կլուծվի։ Եթե տեսնում եք խնդրի լուծման ճանապարհը և ժամկետները հրապարակեք դա․․․ ձեր բնորոշմամբ կենցաղային այդ խնդիրները քաղաքապետի անմիջական պարտավորություններն են, իսկ մնացած՝ ձեր բնորոշմամբ շատ ավեի լուրջ ու վտանգավոր խնդիրները մեծապես կառավարության տիրույթում են։
Հ․Գ․ Արսեն Թորոսյան ջան, չկարողացա անտարբեր անցնել նաև քաղաքապետի տեղակալի գրառման՝ քո հավանման կողքով։ Հիշեցի մեր խոսակցությունը ամռանը, երբ ասում էիր, որ վիճակը մոտ է համաճարակի հանգեցմանը։ Որպես քիչ թե շատ փորձ ունեցող ավագանու անդամ հայտնում եմ կանխատեսումս, որ առկա ռեսուրսներով և կարգավորումներով եկող ամռանը մեր այդ խոսակցությունը կրկին ակտուալ կլինի»: