Պահանջելու են Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը

Սեպտեմբերի 7-ին Կապանի մշակույթի մերձակա հրապարակում “Կապանը կապանցիներինն է” քաղաքացիական նախաձեռնությունը հանրահավաք է կազմակերպելու: Հանրահավաքի նպատակը կիրակի օրը կայանալիք քաղաքապետի ընտրությունները բոյկոտելն ու մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը պահանջելն է:
Հիշեցնենք, որ Կապանի գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը հրաժարվել է ընտրապայքարից: Միակ թեկնածուն մնացել է ՀՀԿ-ական, Հայփոստի Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: Քաղաքապետը իր հրաժարականը բացատրել է իր շրջապատի վրա ունեցած ճնշումների պատճառով:
Կապանի քաղաքապետարանից Henaran.am-ին տեղեկացրին, որ դեռեւս մինչ այս պահը հանրահավաք անցկացնելու մասին դիմում չի ստացվել: Նշենք, որ “Հավաքների ազատության” մասին ՀՀ օրենքի համաձայն, ինքնաբուխ եւ շատ հավաքների դեպքում լիազոր մարմնին տեղեկացնել պետք չէ: Միայն կազմակերպիչը պետք է տեղյակ պահի ոստիկանությանը: