Ո՞ւր են մեր դեսպանները. Վահան Հովհաննիսյան
Այն երկրները, որոնք զզված են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հոգնեցնող պահվածքից, նույնիսկ այս հարցում Հայաստանի կողքին չկանգնեցին: Քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Պատճառը, Վահան Հովհաննիսյանի խոսքով, հետեւյալն է. “Մենք հետաքրքրություն չենք ներկայացնում որպես սուբյեկտ, որին արժե օգնել: Ըստ պատգամավորի` ռուսական արձագանքը նույնիսկ ամենախորը մակարդակով ՌԴ հետ մերձեցման կողմնակիցներին չի բավարարում , Ֆրանսիան արձագանքել է խորհրդարանական մակարդակով, միայն ԱՄՆ է ինչ -որ բանից բողոքել, իսկ գերմանական մամուլը պրովոկացիոն հոդվածներ է գրում, ինչը նշանակում է, որ մենք չենք կարողանում աշխատել նաեւ մամուլի հետ:
“Ես հարց եմ տալիս ո՞ւր են մեր դեսպանները, ինչո՞ւ չեն կարողանում եվրոպական երկրների առնվազն պատգամավորներին համոզել, բացատրական աշխատանք տանել, ո՞ւր է արձագանքը, գոնե պատգամավորները, որոնք ազատ մարդիկ են եւ կաշկանդված չեն , գոնե սրանք կարող էին հանդես գալ, բայց լռում են”,-հայտարարեց պատգամավորը:
Վահան Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ խորհրդային շրջանից եկած պրակտիկա է, որ ինչ այլանդակություն Ադրբեջանը անի , Հայաստանին էլ հավասար ամբաստանում կամ մատ են թափ տալիս, մինչդեռ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ ԱԺ հայտարաության մեջ մենք միայն Ադրբեջանից ենք խոսում եւ այս փաստի մասին լռում ենք: “Ո՞ւմ ենք ասում` Ալիեւի՞ն, Սաֆար Աբիեւի՞ն, նրանց հետ մենք ուրիշ լեզվով պետք է խոսեինք”,-շարունակեց Վահան Հովհաննիսյանը:
ՀՅԴ-ական պատգամավորն անդրադարձավ նաեւ ՄԽ համանախագահների հայտարարությանը եւ ասաց.”Պետք է ՄԽ նկատմամբ դժգոհություն հայտնել հենց որպես խումբ եւ պատասխանատու կազմակերպություն , որ ամեն կրակոցից ու սպանությունից հետո հավասարաչափ դիրքորոշում է դրսեւորել: “Դա է պատճառը, որ Հունգարիան, տեսնելով թե մեծերն ինչպես են իրենց պահում` որոշել է, դե ոչինչ անենք` կանցնի”:
Վահան Հովհաննիսյանի խոսքով, խնդրի հետ կապված բոլոր հայտարարություններում մի գիծ է երեւում` դե ոչինչ, եղածը եղած է, այլեւս ոչինչ անել հնարավոր չէ: Նրա խոսքով, սա է մեզ ասում թե Մարտին Շուլցը, թե Քեթրին Էշթոնը, թե մյուսները: