Մենք ոչ թե նեղում ենք, այլ վարչարարություն ենք իրականացնում. Դավիթ Անանյան
Բեռնափոխադրող ընկերություններն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց. նրանք բողոքում էին հարկային բեռի ավելացումից։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին խնդրին լուծում տալ, այլապես խոստանում էին բեռնատարներով փակել փողոցները և կաթվածահար անել երթևեկությունը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ակցիայի մասնակիցների պահանջին, ասաց, թե դա ընդհանրապես ՊԵԿ գործառույթը չէ։
«Ես մեկնաբանելու որևէ բան չունեմ, ՊԵԿ-ը վարչարարությամբ զբաղվող մարմին է, քաղաքականությամբ չի զբաղվում», – ասաց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ եթե օրենսդրության հետ կապված խնդիր կա և օրենսդրությունը պետք է փոխվի, ապա դրանով այլ մարմին պետք է զբաղվի։
Դավիթ Անանյանն ասաց, որ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատարի հետ պայմանավորվել են հունվարի հենց առաջին աշխատանքային օրերին քննարկման առարկա դարձնել հարկ վճարողների ահազանգը կամ մտահոգությունը։
«Թե ինչքանով է վիճահարույց այս կամ այն ակտը, քննարկման առարկա կդարձնենք, որոշում կկայացնենք և առաջիկա հարկային օրենսգրքի փոփոխության փաթեթում հավանականությունը կքննարկենք, թե ինչ կարելի է անել։ Բայց դա ընդհանրապես ՊԵԿ գործառույթը չէ», – ասաց Դավիթ Անանյանը։