05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը, մի տեսակ, դիլխոր շնորհավորեց լրագրողների Ամանորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր տարեմուտի ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Նա շնորհավորեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ հայտարարեց. «Երրորդ հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան է այսօր: Եվ ուզում եմ մեկնաբանել, թե սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ կառավարությունը չի միջամտում եւ չի ձգտում միջամտել լրատվամիջոցների աշխատանքին, ինչը, իհարկե, չի կարող նշանակել, թե ամեն լրատվամիջոցի ներսում չկան ինչ-որ կանոններ եւ այլն, որոնք արդեն, ըստ էության, լրագրողի եւ լրատվամիջոցի հարաբերությունների խնդիրն են»: Ասվածից փաստացի կարելի է ենթադրել, որ պարոն Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, քանի որ ընդամենը օրեր առաջ լրատվական դաշտում տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը վերջին մի քանի օրերի ընթացքում զանգահարում է տարբեր լրատվամիջոցների խմբագիրների եւ հետաքրքրվում նրանց ֆինանսական շարժով` տպագրել են տարեկան հաշվետվությունները, թե` ոչ:

Վերադառնալով տոնական ընդունելությանը՝ նշենք, որ ինչպես եւ նախորդ վարչապետերն էին անում, Նիկոլ Փաշինյանը մոտեցավ բոլորին, բաժակ խփեց, ժպտաց, նկարվեց ու հեռացավ: Սակայն, մի շարք լրագրողների աչքից չվրիպեց այն, որ նախկին խանդավառությունն ու «դուխով» կերպարը մարել էր Փաշինյանի մեջ: Մի տեսակ դիլխոր էր ու ոչ տոնական տրամադրությամբ, երեւի դրա համար էլ չկար նաեւ երաժշտություն: Մինչդեռ տրամաբանորեն նա պետք է ամենալավն իրեն զգար հենց լրագրողների միջավայրում:

Ինչեւէ, միգուցե ոչ թե մեծ ցանկությամբ, այլ պարտադրված արարողակարգով էր ընդունելության հրավիրել, բայց ինքը մտածում էր, թե ինչ է սպասվում վաղը Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Ինչ խոսք, իհարկե, մտահոգվելու առիթ կա՝ սկսած գազի գնից, Արցախի հիմնախնդրից մինչեւ ՀԱՊԿ-ում Բելառուսի ներկայացուցչի կողմից գլխավոր քարտուղարի պաշտոնի հաստատում:

Ընդգծենք նաեւ, որ զարմանալիորեն տոնական ընդունելությանը ներկա չէր դեռ ոչ վաղ անցյալում ԶԼՄ ներկայացուցիչ, Ն. Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:Հավանաբար, նա այժմ ավելի բարձր պաշտոնյաների հետ է տալիս ու առնում, կառավարության նիստերի դահլիճում է հայտնվում եւ այլեւս նախկին գործընկերներին տեսնելու ցանկություն առանձնապես չկա:

Ի դեպ, ուշագրավ էր, որ խախտվեց ամենամյա ավանդույթը, եւ այս տարի վարչապետի կողմից պարգեւատրվող լրագրողներ չեղան: Չնայած, երեւի թե, ով պետք էր, վաղուց արդեն պարգեւատրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ մի հարմար պաշտոն ստանալով Հանրային հեռուստաընկերությունում, կառավարությունում ու ապագա խորհրդարանում: Նկատենք, որ ի տարբերություն նախորդ վարչապետերի, որոնք տարեմուտի ընդունելության ժամանակ բաժակ բարձրացնելուց զատ, փոքրիկ ճեպազրույցներ էին տալիս, Ն. Փաշինյանը նախընտրեց չխոսել, իսկ ոչ յուրային լրագրողների հետ բաժակ խփելուց բացի, որեւէ խոսք չփոխանակեց: Հենց այսպես էլ առանց դմփ-դմփ-հու անելու ու «դուխով» գլխարկի էլ լրագրողներս ճանապարհեցինք Ն. Փաշինյանին Մոսկվա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ