23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն կա, եղել է ու կլինի Հայաստանի ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկը. Շարմազանովն ամփոփում է 2018-ը

2018 թվականը թե Հայաստանի, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության համար մարտահրավերներով լի տարի էր, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ամփոփելով 2018 թվականը։

«2018-ը մեծ փոփոխությունների տարի էր, կտրուկ փոփոխությունների տարի էր, տեղի ունեցավ իշխանափոխություն, ոչ թե հեղափոխություն, այլ՝ իշխանափոխություն, բայց ունենք այն, ինչ ունենք։  Գործադիրին ու նրա ղեկավարին հաջողվեց ճնշում գործադրելով օրենսդիր մարմնի վրա՝ հասնել Ազգային ժողովի պաշարմանը, դրանից հետո էլ արդեն որոշում կայացվեց, իմ խորին համոզմամբ, ճնշումների արդյունքում տեղի ունեցան հապճեպ, ափալ-թափալ ընտրություններ», – ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը նշեց, թե դեկտեմբերի 9-ին տեղի են ունեցել հակաժողովրդավարական ընտրություններ։

«Ասֆալտին փռել, վզից բռնել, պոլին պառկեցնել, համայնքապետերին վախեցնել, ԱԱԾ-ով վախեցնել, արդյունքում, մենք ունեցանք ընտրական կամպանիա՝ բացառապես վախի ու անհանդուրժողականության մթնոլորտում», – ասաց ՀՀԿ խոսնակը։

Նա ընդգծեց՝ հիմա Հայաստանում կլինի խորհրդարան, որը զուրկ է ընդդիմությունից։

«Ինչքան էլ երկու կուսակցությունները հայտարարեն, որ իրենք ընդդիմություն են, այդ առիթով ավելի իրավացի է Տիգրան Ավինյանը, որն ասում է՝ «մենք այնքան շատ ենք՝ 88 հոգի ենք, մեր մի մասը մեզ կարող է ընդդիմություն լինել»», – նշեց Է.Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ արտաքին քաղաքականության ոլորտում կան լուրջ մտահոգություններ։

«Չնայած Նիկոլ Փաշինյանի կենացային հավաստիացումներին, որ ամեն ինչ լավ է, որ Հայաստանը մինչև ժամկետի ավարտը կպահպանի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը, ես կասեմ՝ Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, վերջ, դա արդեն փաստ է», – ասաց ՀՀԿ խոսնակը։

Նա շեշտեց՝ հայ-ռուսական հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ։

«Կան բազմաթիվ մտահոգություներ նաև տնտեսության ոլորտում. տնտեսությունը գահավիժում է», – ասաց նա։

ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ հազարավոր քաղաքացիներ Ամանորից հետո գործազուրկ են դառնալու։

«Փաստորեն, մենք Սփյուռքի, Մշակույթի առանձին նախարարություն չենք ունենալու, սա ակնհայտ մտահոգ քաղաքականություն է», – ասաց նա։

Է.Շարմազանովն ասաց, թե չկա մի ոլորտ, որտեղ ներկա իշխանությունը հաջողության է հասել։

«Ես որևէ լավ բան չեմ տեսնում, նախարարությունները կրճատվում են, գործազուրկների թիվն ավելանում է, ներդրումները պակասում են, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնում ենք, Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ունենք անհասկանալի պահվածք», – ասաց նա։

Է.Շարմազանովն ասաց, թե ՀՀԿ-ի համար 2018-ին ձախողումն այն էր, որ կուսակցույթունը գնաց իշխանությունից։

«Բայց մենք դեկտեմբերի 9-ին վերածնվեցինք, ու դա ապացուցեց ընտրություններում 60 հազար ձայն հավաքելը։ Դեկտեմբերի 9-ը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն կա , եղել է ու կլինի Հայաստանի ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկը ու ապագա արտախորհրդարանական ընդդիմությունը համախմբվելու է ՀՀԿ-ի առանցքի շուրջ», – նշեց Է.Շարմազանովը։

Նա ասաց նաև, թե ՀՀԿ-ն 2018-ին բազում հաջողություններ է արձանագրել։

«Զրկվելով իշխանությունից՝  ՀՀԿ-ն բոլոր խորհրդարանական հարթակներում ծառայել է ՀՀ շահերի պահպանմանն ու պաշտպանությանը՝ ԵԽԽՎ-ում, ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում ու ԱՊՀ-ում։ Բոլոր մակարդակներրում մենք պաշտպանել ենք Հայաստանի ու Արցախի շահը ու ասել ենք, որ պետական շահի համար չկա ընդդիմություն ու իշխանություն, մենք  հիմա էլ, որպես արտախորհրդարանական ուժ, պետք է մեր միջազգային կապերն օգտագործենք Արցախի հարցի հայանպաստ լուծման ու հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով», – ասաց Է. Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ ներքին քաղաքականության մեջ ՀՀԿ-ն ապացուցեց, որ, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ի, որի հրաժարականից հետո մնացին փշրանքները, ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մնաց կուռ քաղաքական թիմ։

«Սա ամենամեծ հաջողությունն է հետագա աշխատանքները շարունակելու համար։ Քաղաքականությունը պայքար է, մենք պատրաստ ենք պայքարելու բոլոր օրինական մեթոդներով՝ հանուն Հայաստանի, Արցախի։ Բոլորին խաղաղություն եմ մաղթում», – հավելեց Է.Շարմազանովը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ