Կաթոլիկ աշխարհը նշում է աշխարհի Փրկչի` Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կաթոլիկ աշխարհը նշում է աշխարհի փրկչի` Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը: Իրենց գլխավոր տոնը նշում են նաև բողոքականները, Անգլիկան եկեղեցու հետևորդները և մի շարք ուղղափառ եկեղեցիներ, գրում է Daily Mail-ը:
Լույս երեքշաբթի գիշերը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գլխավորել է տոնական հանդիսավոր պատարագը, որը տեղի է ունեցել Վատիկանի Սուրբ Պետրոս՝ գլխավոր կաթոլիկ տաճարում: Այն հեռարձակվել է ուղիղ եթերով:
Սուրբծննդյան կեսօրին (Երևանի ժամանակով՝ 14:00) քահանայապետը հանդես կգա սուրբծննդյան ուղերձով:
Քրիստոսի Ծնունդի տարբեր ամսաթվերի գոյության պատճառը հետևյալն է: Նախկինում Սուրբ Ծննդյան և Մկրտության տոները միասին էին տոնում` հունվարի 6-ին, բայց հետո դա փոխվեց Բեթղեհեմի և Հորդանանի` միմյանցից հեռու լինելու պատճառով, տեղեկացնում է ter-hambardzum.net-ը:
Հունվարի 6-ին մարդիկ գնում էին ուխտի Քրիստոսի ծննդյան և մկրտության վայրերը, սակայն շատերն ի վիճակի չէին լինում իրենց ուխտը կատարելու` նույն օրը երկու վայրերն էլ այցելել չկարողանալու պատճառով: Դրա համար երուսաղեմացիները Ծննդյան տոնը փոխեցին դեկտեմբերի 25-ին: Նաև հեթանոսական ժամանակներում արևին նվիրված տոն կար դեկտեմբերի 25-ին, և մարդիկ այդ օրը, ըստ հաստատված սովորության, տոնախմբություն էին անում: Եվ հեթանոսական տոնախմբությունը քրիստոնեականով փոխարինելու համար Սուրբ Ծննդյան տոնը տեղափոխվեց դեկտեմբերի 25: Իսկ հայ քրիստոնյաները, ինչպես սկզբից սովորեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչից, այդպես էլ պահեցին` շարունակելով Փրկչի Ծննդյան և Աստվածահայտնության տոները տոնել ճշգրիտ օրը` հունվարի 6-ին: