Հայտնի են երեք նոր նախարարությունների անվանումները
Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծը, որով առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի։
Այսպես, կառավարությունն առաջարկում է նոր կաբինետը կազմել հետևյալ 12 նախարարություններով՝
1. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2. առողջապահության նախարարություն
3. արդարադատության նախարարություն
4. արտակարգ իրավիճակների նախարարություն
5. արտաքին գործերի նախարարություն
6. բնապահպանության նախարարություն
7. կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
8. պաշտպանության նախարարություն
9. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
10. բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն
11. տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն
12. ֆինանսների նախարարություն
Ընդհանրապես հանվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը և լինելու է երկու փոխվարչապետ։
Նախագծի համաձայն՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և արդյունքում այն կոչվելու է տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն:
Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը և կոչվելու է բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական նախարարություն:
Ըստ նախագծի՝ դադարեցվում է Սփյուռքի նախարարության գործունեությունը:
Այս օրենքը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ է մտնելու 2019-ի հունվարի 1-ից։ Նախագիծը դեռ հանրային քննարկման չի դրվել և ենթադրվում է, որ կքննարկվի հունվարի 14-ին կայանալիք 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստում։