Տարոն Ապրեսյանի նախընտրական շտաբի համար անընդունելի է ԿԸՀ-ի պատասխանը
Քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանն օգոստոսի 26-ին հայտարարություն էր տարածել, որ ԿԸՀ-ի կողմից ԸԸՀ անդամ է նշանակվել, ապա նախագահ է ընտրվել Տիգրան Արբակի Պապանյանը, ով գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ս. Դարբինյանի քրոջ ամուսինն է ու Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետը:
Թեկնածուն կասկած էր հայտնել, որ պարոն Պապանյանի` ԸԸՀ-ի նախագահի պաշտոնում գտնվելը կարող է ազդել ընտրությունների անկողմնակալ և անաչառ ընթացքի վրա` կասկածի տակ դնելով ընտրությունների արդյունքները: Թեկնածուն դիմել էր ԿԸՀ-ին` պահանջով վերանայել Տիգրան Պապանյանի նշանակման որոշումը:
ԿԸՀ-ն ներկայացված դիմումը մերժել է` բացատրությամբ, որ այն չի պարունակում փաստարկներ կոնկրետ իրավախախտման մասին: Տարոն Ապրեսյանի նախընտրական շտաբի համար անընդունելի է ԿԸՀ-ի պատասխանը, քանի որ դիմումը հիմնավորվել էր ՀՀ Ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի առաջին մասով.
“Ընտրական հանձնաժողոովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին” և 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` “Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունը կամ անգործությունը կարող է բողոքարկել յուրաքանչյուր ոք, եթե գտնում է, որ խախտվել է կամ կարող է խախտվել իր սուբյեկտիվ ընտրական իրավունքը” և այս հիմքի վրա էլ թեկնածուն ներկայացրել էր իր պահանջը:
Տարոն Ապրեսյանի նախընտրական շտաբը կոչ է արել քաղաքապետի մյուս թեկնածուներին միանալ այս հայտարարությանը և միասնական ճակատով պայքարել, խնդիրն արդարացի և օրենքի սահմաններում լուծելու համար,սակայն մինչ օրս որևէ թեկնածու չի միացել: Հարց է առաջանում, եթե քաղաքապետի թեկնածուներին չի՞ հետաքրքրում անկողմնակալ ու անաչառ ընտրություների անցկացումը, ապա ինչո՞վ է պայմանավորված նրանց առաջադրումն ու ի՞նչ նպատակ է հետապնդում:
Տարոն Ապրեսյանի նախընտրական շտաբ