Նաիրա Զոհրաբյանը խոսեց “լացակումած դեմքով” դեսպաններից ու սեպտեմբերի 21-յան ֆուրշետից
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում հայտարարեց, որ զրուցել է Հունգարիայի հայ ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանի հետ, որից տեղեկացել է, որ օգոստոսի 20-ին վերջինս ոչ միայն բարձրաձայնել է Սաֆարովի արտահանձնման հնարավորության մասին, այլեւ հաջորդ օրը եկել է Հայաստան եւ զրուցել ԱԳՆ ու Սփյուռքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչը սակայն որեւէ արդյունք չի տվել:
Նաիրա Զոհրաբյանը հարց հնչեցրեց, թե ինչով էին զբաղված ԱԳՆ-ն եւ ԱԱԾ-ն:
“Ինձ ապշեցրեց Բուլղարիայում մեր ներկայացուցչի` մամուլին տված պարզաբանումը”,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց, թե Էդվարդ Նալբանդյանին կցանկանար հարցնել, թե տեղյակ է արդյոք նա, թե ինչով են զբաղված ԵՄ անդամ որոշ երկրների մեր դեսպանները:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե մեր որոշ դեսպանությունների ներկայացուցիչների թվում է թե ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները ընդամենը երկու միջոցառում է` “ապրիլի 24-ին լացակումած տեսքով կանգնել ցեղասպանության որեւէ հուշակոթողի ներքո սփյուռքի տվյալ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ մեկ էլ սեպտեմբերի 21-ին անկախության ֆուրշետ անելը”:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով, մեր դեսպաններից շատերը ողջ օրը զբաղված են օդանավակայանում այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյաներին դիմավորելու հարցով:
Նաիրա Զոհրաբյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու ԱԳՆ-ն ԱԺ-ին տեղյակ չի պահել խնդրի մասին: “Ասել, որ խնդիրը միայն ԱԳՆ պրիորիտետն է եւ ԱԺ-ին տեղյակ չպահելը լուրջ աշխատաոճ չէ”,-նշեց նա: Պատգամավորը հայտարարեց նաեւ, որ չի կասկածում, որ այս դժվար պահին մենք կարող ենք կոնսոլիդացվել եւ հարցը միջազգային կառույցներում բարձրացնել:
Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քննարկում է Հունգարիայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցը:
Հավելենք, որ իր ելույթի սկզբուն Նաիրա Զոհրաբյանը ռեպլիկ արեց, թե ԱԳ նախարար Էդբվարդ Նալբանդյանի նիստի կեսից հոգնեց եւ լքեց դահլիճը, ինչին արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նշելով, որ նախարարը չի հոգնել , այլ աշխատում է նախագծի վրա: