Լեւոն Մնացականյանի խիզախությունն արժանի են ամենաբարձր գնահատականին. Արայիկ Հարությունյան
Լեւոն Մնացականյանի ռազմավարական մտածողությունն ու խիզախությունն արժանի են ամենաբարձր գնահատականին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հայրենիքի իսկական նվիրյալ, օրինակելի զինվորականի տեսակ, որով կարող է հպարտանալ աշխարհի յուրաքանչյուր հզոր բանակ: Այսպես կարող եմ բնութագրել Արցախյան պատերազմում թրծված, հայկական զինված ուժերի ստեղծման ակունքներում կանգնած և նրա կայացման ու հզորացման գործում իր ծանրակշիռ մասնակցությունն ունեցած՝ իմ մարտական ընկերոջը՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին:
Անուրանալի է մեր երկրի պաշտպանունակության գործում նրա ունեցած դերակատարությունը, իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ Լևոն Մնացականյանի՝ իբրև պաշտպանության նախարարի և պաշտպանության բանակի հրամանատարի ցուցաբերած ռազմավարական մտածողությունն ու խիզախությունն արժանի են ամենաբարձր գնահատականին: Համոզված եմ՝ նրա կուտակած փորձն ու գիտելիքները դեռ երկար տարիներ ծառայելու են մեր հայրենիքի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Առիթն օգտագործելով՝ իմ ջերմ շնորհավորանքներն եմ ուզում փոխանցել նաև նշանակալի մարտական ու զինվորական ուղի անցած՝ պաշտպանության նորանշանակ նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և բանակի շտաբի պետի պաշտոնում նշանակված Ջալալ Հարությունյանին: Վստահ եմ՝ Արցախի պաշտպանությունն ու անվտանգությունը հուսալի ձեռքերում են»: