Ազգային ժողովն ու պետական կառավարման համակարգն իմունիտետ չի ունենալու. Սասնա ծռեր
Ոչ մարտի 1-ին կոալիցիա կազմած ուժերը, այդ թվում ԲՀԿ-ն, ոչ էլ իր ողջ գոյության ընթացքում ընդամենը ձևական ներկայություն ապահոված ուժերը, որոնք բոլոր հարմար առիթների դեպքում ծռմռվում են իշխանությունների առջև, ֆոտոսեսիաներ են անում նրանց հետ, և ուղղակի օդ են տատանում, որ ընդդիմության տպավորություն ստեղծեն, չեն կարող լինել ընդդիմություն: Այս մասին դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմություն համարում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:
«Պետք է նկատի ունենալ, որ եթե մեկը ուղիղ օլիգարխիկ ուժ է, ապա մյուսը քողարկված նույնպիսի ուժ է և առհասարակ մեր ծրագրից էլ հիշեցում եմ բերում, որ քաղաքական, տնտեսական և գործակալական լուրջ համակարգային լյուստրացիայի խիստ անհրաժեշտություն կա: Մինչ այդ մենք չենք կարող ձեւավորել իրապես պետական, ժողովրդավարական կառավարման համակարգ: Բայց չենք կարող չահազանգել այն վտանգների մասին, որոնք ծառացած են մեր առջև: Չենք կարող չասել, որ առանց իրական ընդդիմություն, առանց «Սասնա ծռերի», առանց բևեռի, բնականաբար, Ազգային ժողովն ու պետական կառավարման համակարգն իմունիտետ չի ունենալու, ինչը շատ ցավալի է»,-ընդգծեց նա: