Սասունը ճիշտ էր, ես սխալվեցի
Դեռևս պատանեկան տարիներից իմ հերոսները չեն եղել Գևորգ Մարզպետունին կամ Սամվելը կամ Վարդանը Մամիկոնյան կամ նույն Փոքր Մհերը: Ինձ համար իրենք խիստ իմպուլսիվ էին, ոչ այնքան լայնախոհ ու գուցե փոքր-ինչ պոպուլիստ: Միշտ զարմացել եմ, թե ինչի մեր գրական մեծերը չեն նկատել նրանց կողքին ապրող ու արարող Աշոտ Երկաթին (բոլոր ժամանակների հայ թագավորների հնգյակում հաստատ կա ու կա), Պապին կամ էլ Վասակին Մամիկոնյան: Հիմա հասկանում եմ, թե ինչու… Պատմությունը կամ էլ պատմաբանները էքշըն են սիրում, իսկ «ազգս»՝ կուռքեր: Էդպես էլ քրիստոնյա չդառնալով մեզ կուռքեր էինք ստեղծում ու հետո կործանում դրանք: Միշտ ցանկացել եմ ապրել այն ժամանակներում ու կանգնել Աշոտ Երկաթի կամ Պապ Արշակունու կողքին՝ հավատալով, որ մի ծաղկով գարուն չի գալիս, գարունը խելքով ա գալիս ու անդուլ աշխատանքով: Մտածում էի, որ տխուր ժամանակաշրջանում եմ ապրում, բայց արի ու տես՝ սխալվում էի:
Պարզվում է՝ ներկա եմ եղել բազմաթիվ կուռքերի ստեղծման ու նրանց կործանման տարբեր փուլերին: Առաջին հիշողություններս Թատերական հրապարակից էին, Վանոյի կողքին, երբ մաման տարել էր Շիրազի «Ղարաբաղի ողբը» արտասանելու: Հարթակում էին ծնվում նոր ժամանակի կուռքերը՝ Լևոնը, Վանոն… Հետո եկավ հին կուռքերի կործանման ժամանակը: 1991-ի ապրիլին էլի հրապարակում էի, երբ սուլոցների ներքո ապամոնտաժում էին Լենինի արձանը: Մինչ օրս ականջներումս է մնացել կոպեկների զնգոցը, որոնք սկսեցին նետել արձանին, քանի որ քար չկար…
Չանցած 5 տարի՝ եկավ նոր կուռքերի անկման ժամանակը: Ես էլի Ազատության հրապարակում էի, երբ «ազգս» վանկարկում էր Լե-վոն, Լե-վոն՝ համոզված լինելով, որ իր դժբախտությունների ողջ պատճառը Լևոնն ու Վանոն էին: Նույնիսկ հիշում եմ, թե ոնց էր Վանոյի՝ գազանանոցի ճամփի տունը բոլորի աչքի գրողը դարձել:
Նոր կուռքերի ծնունդը սպասեցնել չտվեց… Կարեն Դեմիրճյան ու Վազգեն Սարգսյան։ Ազգս շատ արագ գտավ իր փրկության ուղին, ու եթե չլիներ 27-ը, վախենում եմ պատկերացնել՝ ինչ կլիներ այս կուռքերի հետ: Կարենի հերոսական աուրան այնքան ուժեղ էր, որ որոշ ժամանակ դրա տակ շատ հարմար տեղավորվեց տղան՝ Ստեփանը Դեմիրճյան: Բայց դա էլ երկար չտևեց: 2008-ին հետ եկավ Լևոնը, չէ, Լե-վոնը չէ, այլ Տեր-Պետրոսյանը: Չէ՞ որ կռապաշտներին չէր կարելի թողնել առանց նոր կուռքերի… Պատմությունն, իհարկե, կարելի է շարունակել, բայց կարծում եմ՝ իմաստ չունի: Մեր պատմության մեջ, միևնույն է, հավերժ կմնան մեզ Ավարայրի հասցրած ու բարոյական հաղթանակ նվիրած Վարդանը և ոչ թե Սևանի ճակատամարտ հաղթանակած Աշոտը, ու գիտե՞ք, թե ինչու։ Աշոտը ժողովրդահաճո չէր, ու դա շատ լավ զգացել էր Մուրացանն իր պատմավեպը գրելիս ու նաև բոլոր մյուս պատմավեպերի գրական մեծերը: Ու վաղը, չէ, մի քանի հարյուր տարի անց հայ պատմավեպերում թավ տառերով կգրվի Հայոց թավշյա մեծ հեղափոխության ու դրա առաջնորդների մասին և ոչ մի դեպքում՝ Արցախյան հերոսամարտի: Սասունը ճիշտ էր, ես սխալվեցի:
ՀԳ. Երկար էի մտածում նկարների մասին ու այս երկուսի վրա կանգ առա.
Դավիթ Հայրապետյան