05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ձևավորվում է գաղափարազուրկ, ամորֆ խորհրդարան՝ առանց իրական և կենսունակ ընդդիմության

2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններով ընդգծվեց, որ հեղափոխական իշխանության քաղաքական կամքն առկա է Հայաստանում օրինական ընտրությունների անցկացման համար: Անհրաժեշտ է, որ արագ ձևավորվեն այդ կամքն ամրագրելու՝ իրավաքաղաքական հիմքերը, ժողովրդավարական մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան անշրջելի դարձնել ազատ ընտրական համակարգի կայացումը:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտահայտում են քվեարկության մասնակիցների ձգտումներն ու տրամադրությունները. մի կողմից՝ մերժելու նախկին վարչակարգին, մյուս կողմից՝ ցուցաբերելով մեծ վստահություն նոր իշխանությունների հանդեպ:

Միաժամանակ, ընտրություններն ի ցույց են դնում նաև հասարակության և պետական կառավարման խորքային արատները:

Ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը լուրջ ահազանգ է. ընտրողների 51 տոկոսը մերժել է մասնակից բոլոր 11 քաղաքական միավորներին: Այդ մերժումը վկայում է նաև նոր իշխանությունների գործունեության խորքային բացթողումների մասին: Ընտրություններն անցկացվեցին ծայրահեղ կարճ ժամկետում և հապշտապ, ինչի հետևանքով նախկին վարչակարգից մնացած քաղաքական ավերակների վրա նոր, կենսունակ քաղաքական դաշտ չձևավորվեց:  

Ըստ այդմ՝ ձևավորվում է գաղափարազուրկ, ամորֆ խորհրդարան՝ առանց իրական և կենսունակ ընդդիմության: Խորհրդարան անցած կուսակցությունները ընտրարշավի ընթացքում չներկայացրեցին լուրջ քաղաքական ծրագրեր և Հայաստանի զարգացման իրենց տեսլականը: Այս փաստը հիմք է տալիս պնդելու, որ նոր խորհրդարանում լուրջ և կարևոր հարցերի շուրջ ընդդիմություն չի լինի:

Դիտարկելով համամասնական և վարկանիշային ցուցակների կազմերը՝ հարկ է արձանագրել, որ հայկական հեղափոխությունը տեղապտույտ է տալիս: Այս ամենը գալիս է հաստատելու, որ Հայաստանում նոր քաղաքական համակարգը զուրկ է լինելու գաղափարներից, նպատակներից: Մինչդեռ հետհեղափոխական խորհրդարանը պետք է դառնար քաղաքական գործընթացների դրոշակակիրը:

Քաղաքացիական հասարակության և քաղաքական օրակարգի ձևավորման, փոփոխությունների իրականացման հետագա պատասխանավությունը և առաքելությունը պետք է ստանձնեն խորհրդարանից դուրս գտնվող, ժողովրդավարության արժեքներին նվիրված քաղաքական ուժերն ու գործիչները:   Նման լայնածավալ աշխատանքը պահանջում է միասնական գաղափարական հենք, քաղաքական և կազմակերպչական քայլեր:

Նկատի ուենանալով խնդրի կարևորությունը՝ անհրաժեշտ է նախաձեռնել քաղաքական խորհրդատվություններ, քննարկումներ, որոնց կազմակերպչական գործառույթը պատրաստ եմ ստանձնել:

Հանուն Հայաստանի քաղաքական ներկայի և ապագայի, քաղաքացիական հասարակության կառուցման՝ ժողովրդավարական ուժերի ու գործիչների միասնականությունն այլընտրանք չունի:

Նարինե Մկրտչյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ