Մենք կարող ենք միմյանց չընդունել, բայց այս հարցում մենք միասնական ենք. Ալիկ Արզումանյան
“Այո, արտաքին գերատեսչությունը թերացել է, բայց կարծում եմ, որ սա այս նիստի թեման չէ”,-քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց Ազատ դեմոկրատ, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը եւ հավելեց, որ եթե կա ցանկություն, կարելի է հանձնաժողով ստեղծել եւ քննարկել, թե ԱԳՆ-ն տասնհինգ օր առաջ իմացե՞լ է այդ մասին եւ ի՞նչ քայլեր է արել կամ ի՞նչ չի արել:
Նախկին ԱԳ նախարարի խոսքով, Հունգարիայից էլ չպետք է խոսել, քանի որ նա բարեկամական պետություն է, որը ոչ բարեկամական քայլ է արել:
“Ադրբեջանի թշնամական գործողություններին մենք սովոր ենք: Սա մեր համար շոկ չէ”,-նկատեց Արզումանյանն ու հավելեց, թե պարզապես ահազանգ հնչեց, եւ ապագայում Հայաստանը խուսափելու համար նման միջաադեպերից, պետք է դասեր քաղի եւ տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ դառնա, որպեսզի մեր ազգային շահերը հարգվեն, իսկ ոչ բարեկամ պետություններին պարտադրվի դա անել :
Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցումը Արզումանյանը նորմալ պրակտիկա համարեց եւ նշեց, որ ԱԳՆ պետք է այդ կասեցման սահմանների մասին հայտարարի:
Նրա խոսքով, չպետք է ամեն մի գերատեսչություն` գյուղնախարարությունից մինչեւ Խնկո Ապոր գրադարան, հայտարարեն, որ Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցնում են: Ըստ նրա, խոսքը պետք է գնա միայն պաշտոնական պրոտոկոլային հարաբերությունների մասին:
Ալիկ Արզումանյանի խոսքով, խորհրդարանն իր ձեւակերպումների մեջ պետք է ավելի ռադիկալ գտնվեր եւ հայտարարության մեջ մտցներ դրույթ, որով հորդորում է երկրի նախագահին` քննարկել Արցախի հանրապետության անկախության ճանաչման նպատակահարմարությունը:
Ինչ վերաբերվում է խորհրդարանում ծավալված քննարկումներին, Ալիկ Արզումանյանն ասաց. “Մենք կարող ենք միմյանց քննադատել, միմյանց չընդունել, բայց այս հարցում մենք միասնական ենք: Լինում են դեպքեր, երբ միաջազգային հանրության հետ հարաբերվելիս մենք ընդունում ենք խաղի կանոններ եւ պատրաստակամ ենք հետեւել այդ կանոններին”,- եզրափակեց նա` հավելելով, որ խորհրդարանն այսօր հավաքվել է կոնկրետ բանաձեւ ընդունելու: