Համաշխարհային մամուլն արձանագրել է Նիկոլ Փաշինյանի համոզիչ հաղթանակը խորհրդարանական ընտրություններում
Ամբողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցները ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո կրկին իրենց ուշադրությունը սևեռեցին Հայաստանի վրա:
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամրապնդեց իր իշխանությունն այն բանից հետո, ինչ իր ղեկավարած քաղաքական ուժը հաղթանակ տոնեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- գրում է բրիտանական The Guardian-ը: Պարբերականը մեջբերել է ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Փաշինյանի խոսքերն այն մասին, որ «Հայաստանի քաղաքացիները խորհրդարանում կազմել են հեղափոխական մեծամասնություն»:
Sputnik News-ը նշել է, որ նախկին իշխող ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջին անգամ ձախողել է հաղթահարել 5 տոկոսանոց նախընտրական շեմը՝ անցնելու խորհրդարան՝ հավաքելով ընդամենը 4.7 տոկոս ձայն:
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի դաշինքը հեշտորեն հաղթել է խորհրդարանական ընտրություններում»,- գրել է Reuters-ը:
Իսկ Euronews-ը, արձանագրելով, որ «Իմ քայլը« դաշինքը ստացել է ձայների 70.43 տոկոսը, նշել է. «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը տոտալ հաղթանակ է տանում»:
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստանում հավատարմագրվել էր 40 օտարերկրյա լրատվամիջոցի ավելի քան 80 լրագրող:
Նրանք սկսել էին լուսաբանել ընտրությունները դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից: