27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի՛ վախեցեք, Ձեր ձայնը վճռորոշ է․ Վիգեն Սարգսյանի և Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը

Կլինի իրական, սկզբունքային և փորձառու ընդդիմությո՞ւն, թե՞ պատեհապաշտ և գործարքների պատրաստ ձևական ընդդիմություն․ Հանրապետականը, ունենալով պետական կառավարման մեծ փորձ և խոր գիտելիքներ, ունակ է տեսնելու կառավարողների թույլ տված սխալները և քողարկված նպատակները, խորհրդարանում լինելու իշխանական մեծամասնությանը հակակշռող և զսպող ուժ։ Այս մասին ասված է ՀՀԿ ցուցակի առաջին և երկրորդ թեկնածուներ Վիգեն Սարգսյանի և Արփինե Հովհաննիսյանի համատեղ հայտարարության մեջ, որ տեղադրվել է Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում։

Հայտարարության տեքստը՝ ամբողջությամբ․

«Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են:

Մենք` Ձեզ հետ միասին, սթափ գիտակցում ենք, որ այս ընտրություններում իշխանության հարցը կանխորոշված է:

Սակայն, թե որքանո՞վ արդյունավետ կլինի նոր կառավարության և օրենսդիր մարմնի գործունեությունը, մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպիսի ընդդիմություն կլինի խորհրդարանում: Կլինի իրական, սկզբունքային և փորձառու ընդդիմությո՞ւն, թե՞ պատեհապաշտ և գործարքների պատրաստ ձևական ընդդիմություն:

Հանրապետականը, անշուշտ, ունեցել է սխալների ու բացթողումների իր բաժինը, ինչի համար մենք անկեղծորեն զղջում ենք։ Սակայն, ունենալով պետական կառավարման մեծ փորձ և խոր գիտելիքներ, ՀՀԿ-ն ունակ է տեսնելու կառավարողների թույլ տված սխալները և քողարկված նպատակները, խորհրդարանում լինելու իշխանական մեծամասնությանը հակակշռող և զսպող ուժ:

Իշխանության կարճ ժամանակահատվածում Փաշինյանի կառավարությունն արդեն հասցրել է արտաքին և ներքին քաղաքականության ոլորտներում թույլ տալ Հայաստանի և Արցախի համար լուրջ վտանգ ներկայացնող բազմաթիվ սխալներ:

Ժողովրդից թաքուն քննարկվում են այնպիսի ծրագրեր, որոնց կյանքի կոչելը էապես կծանրացնի մարդկանց առանց այդ էլ ոչ բարվոք վիճակը: Դրանց թվին են պատկանում եկամուտների համատարած հայտարարագրումը, արտագնա աշխատանքի մեկնածների կողմից իրենց ընտանիքներին ուղարկվող գումարների հարկումը, օպտիմալացման պատրվակի տակ տասնյակ հազարավոր պետական ծառայողների, մոտ ապագայում՝ նաև բուժաշխատողների և ուսուցիչների աշխատատեղերի կրճատումը և այլն:

Այդ ծրագրերի բացահայտումը և հանրությանը ներկայացնելը հնարավոր դարձավ հենց հանրապետականների շնորհիվ: Հետագայում ևս մենք պատրաստ ենք մեր ուժերը ծառայեցնելու Ձեզ և մեր հայրենիքին՝ լինի դա խորհրդարանում, թե նրանից դուրս:

Մենք ընտրությունների ենք գնում մտահոգ երկրի ապագայով և համոզված ենք, որ դուք էլ, մտահոգ լինելով Ձեր ընտանիքների բարեկեցությամբ և երեխաների ապագայով, երկրի անվտանգությամբ և զարգացման հեռանկարով, դեկտեմբերի 9-ին Ձեր ընտրությունը կկատարեք առանց ավելորդ հուզականության, սթափ բանականությամբ:

Դեկտեմբերի 9-ին մեր երկրի ապագայի ընտրությունն է։

Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է։»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ