27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ջայլամի նման չեն ուզում նկատել, թե ի՞նչ է կատարվում շփման գծի ռազմավարական հատվածներում. Հայոց ա շխարհ

Արդեն ավարտվող ափալ-թափալ ընտրապայքարի մեջ վերջապես մի լուրջ քաղաքական երանգ մտավ եւ դա, իհարկե, Ղարաբաղի հարցն է, որ չի կարող շրջանցել նրա մասնակիցներից որեւէ մեկը։  

Միջնորդներն ակնհայտորեն շտապում են հակամարտության կողմերին նորից բանակցային սեղանին նստեցնելու հարցում, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո արդեն խոսք է լինելու համատեղ հայտարարության ստորագրման մասին։   

Ուրեմն ինչպե՞ս հասկանալ ընտրապայքարին մասնակցող այն ուժերին, որոնք, մեղմ ասած, պատկերացում չունեն, թե ի՞նչ է կատարվում մեր շուրջը եւ իրենց մարտական տրամադրությունները դրսեւորում են սոսկ վիկինգների «դմփ-դմփ-հու»-ի միջոցով։   

Ի՞նչ են անելու նրանք, երբ սկսվի իսկական «դմփ-դմփ-հու»-ն, որը մեզանից հեռացնելու փոխարեն վերջին ամիսներին ռազմական շփման գծի խիստ կարեւոր հատվածներում հնարավորություն ենք տվել հակառակորդին ստանալ լուրջ դիրքային գերազանցություն։ Սա սեպտեմբերի 27-ից հետո Հայաստանի իշխանությունների որդեգրած, այսպես կոչված, «լիֆտային դիվանագիտության» անմիջական արդյունքն է։   

Հիշեցնենք՝ Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ն.Փաշինյանն ու Ի.Ալիեւը հանդիպել-զրուցել են Դուշանբեի լիֆտերից մեկում։ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն զինադադարի ռեժիմի պահպանման, երկու երկրների մայրաքաղաքների միջեւ տեղեկատվության փոխանակման մասին։ Սակայն ակնհայտ է, որ դա ժամանակավոր ու ոչնչով չպարտավորեցնող պայմանավորվածություն է. ամեն պահի կարող է խախտվել, եթե այլեւս ձեռնտու չլինի Ադրբեջանին։   

Հաշվի առնելով ապրիլյան պատերազմի դասերը՝ խորամանկ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 27-ին պարզապես «ֆռռացրել» է Փաշինյանին, որը Դուշանբեում ուղղակի պարտավոր էր զինադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը հստակորեն սահմանազատել ռազմաճակատի գծի երկայնքով դիրքային առավելություն ստանալու փորձերից։   

Այսինքն՝ հրադադարը չպետք է վերածվեր մեր զինվորների ձեռքերը կապող ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերի ամրապնդման գործընթացի։ Մինչդեռ վերջին ամիսներին, օգտվելով սեպտեմբերի 27-ի բանավոր համաձայնությունից, Ադրբեջանը ռազմաճակատի գծի իր հատվածը, ինչպես նաեւ Հայաստան-Նախիջեւան սահմանագծի ռազմավարական կարեւորություն ունեցող տեղամասերը վերածել է հսկայական շինհրապարակների, որոնց են մոտենում նաեւ արագորեն բարեկարգվող ճանապարհները։  

Այսինքն՝ սահմանների երկայնքով ստեղծվում են այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք թույլ են տալու հակառակորդին անպատիժ գնդակոծել մեր պաշտպանությունն ու նրա թիկունքը, քանզի խրամատներում գտնվող հայ զինվորները հայտնվել են հակառակորդի ամրոցների դեմ-հանդիման։   

Եվ անցած ամիսներին նման հնարավորության տրամադրումն Ադրբեջանին ավելի կոպիտ սխալ է, քան մեզ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկած Յու.Խաչատուրովի դեմ հանպատրաստից սկսված դատական հետապնդումները։  

Ուրախանալով Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի ժամանակավոր պահպանման իրողությամբ, Հայաստանի իշխանությունները գլուխները ավազի մեջ մտցրած ջայլամի նման չեն ուզում նկատել, թե ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական ռազմական շփման գծի ռազմավարական կարեւորություն ունեցող հատվածներում։  

Ավելին՝ ոչ միայն չեն ուզում նկատել, այլեւ իրենց հերթին ամեն ինչ անում են ներկա ընտրապայքարի մեջ որոշակի հակաղարաբաղյան դոզա ներարկելու ուղղությամբ՝ փորձելով վերականգնել նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղեգիծը։   

Մեկ-երկու նման մանր սադրանքներից հետո Ղարաբաղի հարցն անպայման մեջտեղ էր գալու։ Որովհետեւ եթե կարելի է մի քանի հաթաթաների միջոցով ապահովել ԼՂՀ ղեկավարության կողմից Հայաստանի ներքաղաքական գործընթացներին «չմիջամտելը», ապա ի՞նչ պետք է անել վերջին օրերին Ղարաբաղի հարցով իշխանություններին մաստեր-կլաս ցուցադրող Դավիթ Շահնազարյանի հետ։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը ռիսկ չէր անի նրա հետ ուղղակի բանավեճի մեջ մտնել, որի հետեւանքները դժվար չէր գուշակել։   

Մնում էր Դ.Շահնազարյանին ԱԱԾ հրավիրել նրա հայտարարությունների առնչությամբ բացատրություններ պահանջելու համար։ Կամ էլ ասպարեզ բերել իրենց զինակից Սասուն Միքայելյանին ուղղված ծանր մեղադրանքները պարզ ծածկադմփոցի վերածող «վկաների», որոնք այդպես էլ չպատասխանեցին հիմնական հարցին՝ արդյոք Սասունի ջոկատը եւս եղե՞լ է Օմարի լեռնանցքը լքած եւ այն անպաշտպան թողած ուժերի շարքում։   

Եթե եղել է՝ ապա ի՞նչ նշանակություն ունեն Ս.Միքայելյանի «արդարացումներն» առ այն, որ Օմարը հակառակորդի կողմից գրավելու պահին ինքը Հայաստանում է եղել։ Չէ՞ որ դրա հետանքով է, որ Օմարը անտեր է մնացել, իսկ դրանից հետո է, որ Վանաձորի գնդի նորակոչիկ ու անպատրաստ զինվորները մեծաթիվ զոհեր են տվել, եւ մինչ օրս ոչ ոք պատասխան չի տվել այդ ցավալի կորուստների համար։  

Սակայն՝ նոր իշխանավորների արդեն իսկ թույլ տված կոպիտ սխալների բացահայտմանը զուգընթաց Դավիթ Շահնազարյանը արել է շատ ավելի լուրջ հայտարարություններ՝ նրանց մեղադրելով «իշխանություն Արցախի դիմաց» բանաձեւով առաջնորդվելու համար։ Այսինքն՝ նա պարզորոշ հասկացնում է, որ հենց այնպես չէր ամերիկյան բարձր պաշտոնյա Ջոն Բոլթոնը Երեւանում հույս հայտնում Նիկոլ Փաշինյանի ստանալիք վստահության մանդատը «Ղարաբաղյան կարգավորմամբ կոնվերտացնելու» մասին։   

Եթե Դավիթ Շահնազարյանը իրավացի չէ, ապա ինչո՞ւ են իշխանավորները Ղարաբաղի հարցի համար պատասխանատվությունը տեղափոխում ողջ ժողովրդի վրա եւ հայտնում, թե այդ հարցը լուծվելու է ողջ ժողովրդի կամքով։ Եղբա՛յր, եթե դու թուլացնում ես շփման գիծը, այսինքն՝ մեր պաշտպանունակությունը, եթե անվստահություն ես սերմանում ժողովրդի տարբեր հատվածների միջեւ, եթե չես մտածում բանակի ամրապնդման եւ իրավիճակը շտկելու մասին, ուրեմն նախապատրաստում ես այն կացությունը, երբ ժողովրդի առջեւ կդրվի ռազմական ու քաղաքական առումներով արդեն իսկ պարտված դիրքերը պահելու կամ հանձնելու երկընտրանքը։   

Այսքանից հետո ոչ ոք իրավունք չունի փակելու այն բոլոր քաղաքական գործիչների բերանը, ովքեր եզրակացնում են, որ «Ամեն մի քվեն «Իմ քայլը» դաշինքին կրակոց է Արցախի վրա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ