Բոլորը կողմ են, բացառությամբ Փոստանջյանի. ԱԺ-ն հայտարարություն ընդունեց
Ավարտին է մոտենում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը նվիրված խորհրդարանի արտահերթ նիստը: Այս պահին ԱԺ դահլիճում հնչում են ելույթներ ԱԺ խմբակցությունների անունից:
ՀՅԴ-ի տեսակետը ներկայացնելով, կուսակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ասաց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու նախագծին: ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու` ելնելով պետականության նկատմամբ պատասխանատվությունից, սակայն առաջարկում է հայտարարության վերջում ավելացնել այն կետը, ըստ որի` միջազգային հանրության համարժեք գործողությունների բացակայությունը ՀՀ ԱԺ-ն համարելու է սպառնալիք ՀՀ անվտանգությանը եւ հարկադրված նախաձեռնելու է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման եւ եւ նրա հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու գոործընթաց:
“Ժառանգության” անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ հայտարարեց, թե լավ կլիներ, որ ԱԺ-ն քննարկեր ոչ թե այս նախագիծը, այլ ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը: Նրա ձեւակերպմամբ, ներկայացված փաստաթուղթը ոչինչ չասող է: Ավելի վաղ “Ժառանգության” ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ինքը դեմ է քվեարկելու:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց.”Մենք որոշել ենք առանց այլեւայլ բարդությունների միանալ այս հայտարարությանը”: ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները նույնպես հայտարարեցին հայտարարությանը կողմ քվեարկելու մասին:
Հենց նոր ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանը քվեարկության դրեց ” 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ” ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որն ավելի վաղ հրապարակել էինք:
Ձայների 96 կողմ, 1դեմ եւ 0 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց:
Նախագծին դեմ քվեարկեց Ժառանգության խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, իսկ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը: Փաստորեն, խմբակցությունից կողմ է քվեարկել միայն “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանը: Խմբակցության մյուս ներկայացուցիչները նիստին ներկա չէին:
Նշենք, որ ԱԺ հայտարարության մեջ ներառվել են միայն խմբագրական բնույթի առաջարկներ: