05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը իր էությամբ, իհարկե, բռնակալ է, բայց մի տեսակ արտասովոր. Հայոց աշխարհ

Այնուամենայնիվ ընտրությունները մեզ կենսականորեն անհրաժեշտ են։  

Վերցնենք թեկուզ պարզագույն օրինակ. ազատ ժամանցը։ Դե, ինչո՞վ պիտի զբաղվի մարդը ազատ ժամանակ, եթե ընտրություններ չկան։ Միայն օղի խմի ու հալածի ընտանիքին։ Դրանից էլ՝ սոցիալական ապատիան, տերության տնտեսական աճի ցածր ցուցանիշները, գողությունը, վեներական հիվանդություններն ու պատերազմները։  

Իսկ ընտրությունների շնորհիվ մարդը կարող է ազատ ժամանակ զբաղվել հայրենիքի եւ աշխարհի համար կարեւոր ու օգտակար որեւէ բանով։ Ասենք՝ կազմել բոլորի փրկության իմաստուն ծրագիր, շտաբ բացել, մասնակցել քարոզարշավին, անկապ հայտարարություններ անել։   

Ինչպես, օրինակ, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը, որը նախընտրական բոլոր միտինգներում պատմում է իր կառավարության չտեսնված հաջողությունների, «սեւ ուժերի» դավադրությունների եւ հպարտ քաղաքացիների կողմից Նոր Հայաստանի իշխանություններին ցուցաբերվող աննախադեպ աջակցության մասին։  

Դե, իսկ եթե նայենք խնդրին խորությամբ, ապա հարկ է նշել, որ հոգեբանության մեջ մշակված է երեւակայության տեսակների մանրամասն դասակարգում. կանխամտածված եւ ակամա, վերարտադրող եւ ստեղծագործական, կոնկրետ ու վերացական եւ այլն։ Բազմաթիվ մարդկանց մեջ զարգանում է «հարթմնի երազներ» կարգի երեւակայություն. սեփական ֆանտազիաներում խորասուզվելու, իրականությունից փախչելու ունակություն։  

Ծայրահեղ դեպքերում դա մշակում է (ավելի ճիշտ՝ ուժգնացնում է) առանձնահատուկ մտածելակերպ՝ աուտիստական, երբ մարդը ապրում է արհեստական ներաշխարհում, «անջատվում» իրականությունից։  

Ոչ մեծ դոզաներով հաճելի ֆանտազիաներն ունենում են խթանիչ, գործողության դրդող ազդեցություն։ Բայց երբ մարդը, տրվելով անիրագործելի երազանքներին, սկսում է դրանց լրջորեն հավատալ, երեւակայության ստեղծած պատկերները կարող են դրդել չմտածված գործողությունների։   

Օրինակ, Փաշինյանը կարող է այն աստիճան հավատալ հպարտ քաղաքացիների աննախադեպ աջակցությանը, որ դեկտեմբերի 9-ի ընտրություններում կորոշի գերազանցել 1927 թվականի լիբերիական ռեկորդը։ Այն ժամանակ այնտեղ ընտրությունների արդյունքում վերընտրվեց Չառլզ Քինգը՝ ստանալով, ըստ պաշտոնական տվյալների, 234 հազարով ավելի ձայն, քան իր մրցակիցը՝ ժողովրդական կուսակցության առաջադրած Թոմաս Ֆոլկները։  

Ընդհանուր առմամբ Քինգը հավաքեց 15 տոկոսից ավելի շատ ձայն, քան ընտրողների թիվն էր երկրում։   Թեպետ, միջազգային դիտորդներն այդ դեպքում կարող են որոշակի կասկածներ հայտնել, այնպես որ Փաշինյանն ավելի լավ է կողմնորոշվի համապետական ընտրություններով, որոնք տեղի ունեցան 1962 թվականի հոկտեմբերի 8-ին Հյուսիսային Կորեայում։   Այն ժամանակ արձանագրվեց ընտրողների 100 տոկոսանոց մասնակցություն, ըստ որում՝ ձայների 100 տոկոսն էլ տրվել էին Կորեայի Աշխատավորական կուսակցությանը։  

Ի դեպ, դրան ամենից մոտ Ալբանիայում 1982 թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքն էր, երբ միայն մեկ ընտրող էր «փչացրել» միաձայն քվեարկությունը կոմկուսի օգտին, որը դրա պատճառով ստացավ ձայների ընդամենը 99, 99993 տոկոս՝ ձայնի իրավունք ունեցող 1.627.968 անձանց հարյուրտոկոսանոց մասնակցության պարագայում։   

Ինչեւէ, Արտաշատում Փաշինյանը հայտարարեց. «Ես ուզում եմ այստեղից բարձրաձայնել մեր հավատարմությունը քրիստոնեությանը եւ մեր ինքնության էությանը»։    Փա՜ռք Աստծո, քանզի «Քաղպայմանագրի» առաջնորդի անցումը, ասենք՝ հինդուիզմի, կհանգեցներ նրան, որ կենտրոնական գրասենյակի աղբարկղերը զանգվածայնորեն կլցվեին վզին կրելիք խաչերով ու սրբապատկերներով։   

Իսկ կուսակցության վերնախավը կնետվեր շվեյցարական ու իսրայելական կլինիկաներ՝ երեսին պատվաստելու ոչ մեծ կնճիթներ, որպեսզի հասնեն փղագլուխ Գանեշի՝ հինդուիստական դիցարանի ամենասիրված աստվածության հետ նմանությանը։  

Կառավարության անդամները, իհարկե, կփորձեին օգտվել կնճիթներից, բայց «հեղափոխության» իսկական նվիրյալները կստիպեին ջանալ պատվաստաբաններին եւ պլաստիկ վիրաբույժներին։ Եվ բոլորին միանգամից հասկանալի կդառնար Մահադյակշիի անքակտելիությունը առաջնորդից, ինչպես նաեւ Ինդրայի, Շիվայի եւ Պարվատիի անվիճելի դերը ընտրություններում առավելագույն ձայներ հավաքելու մեջ։    Ինչ վերաբերում է Հանրապետականին հասցեագրված սպառնալիքներին, որոնք հնչեցին պետության ղեկավարի շուրթերից Մասիսում, ապա ոչ մի զարմանալի բան դրանում չկա։ Ինչպես գրել է Բալզակը «Նուսինգենի դրամատունը» վեպում. «Առաջնորդը պիտի լինի չարագործ, առանց դրա հասարակությունը վատ է կառավարվում։ Ազնիվ առաջնորդը զգացմունքներով օժտված շոգեմեքենա է կամ ղեկի մոտ սիրով զբաղվող նավապետ»։   

Այստեղ ահա թե ինչն է փոքր-ինչ մխիթարում. Փաշինյանը իր էությամբ, իհարկե, բռնակալ է, բայց մի տեսակ արտասովոր։  Պատմությանը հայտնի է ինքնիշխան բռնակալների խայտաբղետ ու սարսափելի հավաքածու. Քեոփսը, Նաբուգոդոնոսորը, Կալիգուլան, Ներոնը, Թեմուրը։ Հիմնական «չափումներով» նրանք նման էին հազարավոր այլ ինքնակալների եւ նրանց միջավայրից առանձնանում, տխուր հիշատակ էին թողնում երբեմն առանձնակի գազանության պատճառով, բայց առավել հաճախ՝ ինչ-որ տարօրինակ, հատուկ հատկանիշի, որը պահպանել են ավանդապատումները։  

Այդպիսին էր, օրինակ, եգիպտացի բռնակալ Հակիմը՝ Ֆաթմայական դինաստիայից (996-1021), որը գլխիվայր շրջեց երկրի կյանքը, հրամայեց կանանց երբեք դուրս չգալ փողոց, բոլոր հպատակներին՝ ցերեկը քնել, գիշերը՝ արթուն մնալ, եւ այդպես՝ քառորդ դար շարունակ։   

Իսկ հետո Հակիմը նստեց էշին, ազդարարեց ուղղահավատներին, որ նրանք արժանի չեն իր նման տիրակալի, ու հեռացավ, անհետացավ (որից հետո սրբացվեց, ինչից էլ սկիզբ է առել մահմեդական դրուզների հանրահայտ աղանդը)։  

Բնավ բացառված չէ, որ Հակիմի ճակատագիրը կրկնի նաեւ Նոր Հայաստանի բռնակալը։ Ամեն դեպքում չարժե, որ նա այդչափ ոգեւորվի եւ կուրորեն հավատա սեփական ամենազորությանը։ Նման զգացումն ի հայտ է գալիս քաղաքական գլաուկոմայի դեպքում, երբ տեսադաշտը անկասելիորեն նեղանում է, իսկ կուրության գոտին՝ շարունակ ընդլայնվում։   

Ինչպես նկատել է մի առիթով Սոփոկլեսը, պետք է սպասել մինչեւ երեկո՝ հասկանալու համար, թե որքանով էր հրաշալի օրը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ