ՕԵԿ-ն առաջարկում է երկու տարվա փոխարեն՝ մեկ տարվա զինծառայություն
«Մենք առաջարկում ենք Հայաստանի զարգացման հետաքրքիր ծրագիր: Այսօր մենք պայքարում ենք ավանդների վերադարձը շարունակելու համար: Բազմաթիվ մարդիկ սպասում են դրան: Առաջարկում ենք նաև, որ Հայաստանում ստեղծվի մայրական կապիտալի հիմնադրամ: Յուրաքանչյուր մայր պետությունից գումար ստանալով՝ պետք է կարողանա կերակրել, մեծացնել իր բալիկին, հոգալ նրա խնդիրները: Կարևորում ենք նաև սահմանամերձ տարածաշրջաններին ուշադրություն դարձնելը: ՕԵԿ-ն առաջարկում է հողի հարկից, գույքի հարկից հարյուր տոկոսով ազատել սահմանամերձ տարածաշրջաններում ապրող բնակիչներին, 25 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բոլոր ձեռնարկություններին ազատել բոլոր տեսակի հարկերից: Առաջարկում ենք նաև հողագործությամբ զբաղվող մարդու համար աշխատանքային ստաժ սահմանել»,- Տավուշի մարզի Բերդ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ նախագահը խոսեց նաև սահմանների տեխնիկական վերազինման մասին: Նա նշեց, որ իրենք առաջարկում են երկու տարվա փոխարեն՝ մեկ տարվա զինծառայություն, ինչպես նաև առաջարկում են անցում կատարել վարձատրվող բանակի:
«Օրինակ, այս տարածաշրջանում մարդիկ խնդիր չպետք է ունենան: Կարող են գնալ բանակ, դրա դիմաց աշխատավարձ ստանալ, ոչ թե 18 տարեկան երեխային սահման ուղարկենք: Կպահեն և՛ իրենց ընտանիքներին, և՛ հողն ու հայրենիքը»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ նախագահը հայտնեց նաև, որ իրենք դեմ են համայնքների խոշորացմանը:
«Անընդունելի է, մենք ո՛չ ենք ասում: Համայնքի խոշորացում հնարավոր է համայնքի բնակչի կողմ լինելու դեպքում»,- հավելեց Արթուր Բաղդասարյանը: