Լեւոնը “դաղեց ու յուղեց”
Ներկայացնում ենք ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթըխորհրդարանում:
Հարգելի խորհրդարան,
Նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, այլեւ, ի խախտումն միջազգային իրավունքի նորմերի, ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Ալիեւի` ներում շնորհելու որոշմամբ, Հայ Ազգային Կոնգրեսը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ: Այդ հայտարարության մեջ մենք դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները: Այս քայլով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի նորմերը, ստանձնեց Ռամիլ Սաֆարովի կոմից կատարված հանցագործության ամբողջ բարոյական պատասխանատվությունը, միջազգային հանրությանը ցույց տվեց, որ պատրաստ է խրախուսել եւ փառաբանել ազգայնականության ու ցեղապաշտության հիմքի վրա մարդասպանությունը, վտանգելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված բանակցությունները:
Պարզ է նաեւ Հունգարիայի իշխանությունների պատասխանատվության հարցը: Ակնհայտ է, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին հեշտությամբ հաշվարկել Ադրբեջանի գործողությունները էքստրադիցիայից հետո, սակայն ինչ-ինչ պատճառներով, որոնց մասին այս պահին կարող ենք միայն ենթադրություններ անել, գերադասել են Ադրբեջանի դիմումի վերաբերյալ ցուցաբերել զուտ ֆորմալ մոտեցում եւ բավարարվել Ադրբեջանի` Սաֆարովին բանտում պահելու ակնհայտորեն հեղհեղուկ երաշխիքներով: Այդ է պատճառը , որ մենք ընդունում ենք այն գնահատականները, որ տրված են հայտարարության նախագծի մեջ նաեւ Հունգարիայի մասով:
Հայ Ազգային Կոնգրեսը, ունենալով կոշտ հակասություններ իշխող քաղաքական ուժի հետ, այնուամենայնիվ գիտակցում է ստեղծված իրավիճակում Հայաստանի քաղաքական ուժերի միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը: Ուստի մենք որոշել ենք առանց այլեւայլ բարդություններ ստեղծելու միանալ ներկայացված հայտարարության նախագծին:
Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում այս բարձր ամբիոնից կրկնել Հայ Ազգային Կոնգրեսի` օգոստոսի 31-ի հայատարարության գնահատականները առ այն, որ Հայաստանի իշխանությունները նույնպես պատասխանատվություն են կրում կատարվածի համար, քանի որ ժամանակին համարժեք կանխարգելիչ քայլեր չեն կատարել, ոչ’ հետախուզության, ոչ’ էլ դիվանագիտության ասպարեզներում:
Հասկանալով Հայոց բանակի սպայի դեմ կատարված ոճրագործության դիմաց արժանի հատուցումը ապահովելու քաղաքական կարեւորությունը, Հայաստանի պատկան մարմինները, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարոuթյունը, Ազգային անվտանգությունը, Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության խորհուրդը, մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահեին բոլոր զարգացումները եւ տիրապետեին այդ գործարքի նախապատրաստմանը վերաբերող ողջ տեղեկատվությանը։
Տիրապետելով այդ տեղեկատվությունը, օգտագործելով բոլոր դիվանագիտական լծակները, նրանք կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկեին՝ խնդիրը հրապարակավ բարձրացնելով ինչպես Հունգարիայի իշխանությունների, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահ եկրների, Եվրոպական Միության եւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ եւ այլն) առջեւ։ Հանցագործի էքստրադիցիայի կանխարգելման համար պետք էր մոբիլիզացվեին նաեւ հայկական սփյուռքի, ժողովրդավարական հասարակայնության ուժերը։
Հայաստանի իշխանությունները իրենք ընդունում են, որ էքստրադիցիայից առնվազն երկու շաբաթ առաջ տեղյակ են եղել պատրաստվող գործարքի մասին: Եթե այսօրվա բարձրացրած բողոքի կեսը բարձրացվեր այն ժամանակ, եթե հրապարակային հայտարարություններով հարցը դրվեր այն պետությունների եւ միջազգային կազմակերպությունների առջեւ, որոնք այսօր իրենց մտահոգություներն են հայտնում փաստի վերաբերյալ եւ քննադատում են Ադրբեջանին, վստահ եմ, Սաֆարովը դեռ նստած կլիներ հունգարական բանտում:
Ամեն դեպքում, այսօր բոլորիս առաջնային գործը պետք է լինի սթափ գնահատել ստեղծված իրավիճակը: Այն պայթյունավտանգ է, հղի բազմաթիվ սպառնալիքներով մեր ազգային անվտանգության համար, ներառյալ հնարավոր պատերազմական էսկալացիան:
Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, ինչքան էլ դա դժվար է, զերծ մնալ էմոցիոնալ, քաղաքականապես չհաշվարկված քայլերից: Հայաստանը պետք է կտրուկ եւ կոշտ քայլեր ձեռնարկի, բայց պետք է զերծ մնա որեւէ քայլից, որը կվնասի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի
Հանրապետությունների անվտանգությանը եւ միջազգային վարկին: Ադրջբեջանը քայլ է կատարել, որն ամբողջ աշխարհին ցույց տվեց ռազմաշունչ հակահայկական հիսթերիան խորացնելու, Ղարաբաղյան հակամարտությունը սրելու եւ բանակցային գործընթացը վտանգելու իր մտադրությունը: Դա ամենեւին չի նշանակում, որ Հայաստանը պետք է նույնքան ապակառուցողական քայլերով պատասխանի, ինչը կլինի հենց Ադրբեջանի ուզածը:
Եթե Ադրբեջանը ընտրել է բանակցային գոծընթացի տապալման ճանապարհը, ապա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերը պահանջում են ամեն բան անելու, որ միջազգային հանրության, Մինսկի խմբի համանախագահ երկրների համար դրա միակ պատասխանատուն լինի Ադրբեջանը: Ուստի Հայաստանը պետք է զերծ մնալ որեւէ քայլից, որն ուղղակիորեն վնասում է բանակցային գործընթացին: