Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից՝ «ասֆալտին փռելու» մեջ չեմպիոն է /տեսանյութ/
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան եթերում հայտարարեց. «Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարեւոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական ջանքերի արդյունք էր:
Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից: «Ասֆալտին փռելու» մեջ չեմպիոն է: Ու քանի որ ժողովրդի սոցիալական հարցերը՝ հացի խնդիրը չի կարող լուծել, անցել է տեսարաններ, շոուներ բեմադրելուն:
Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում: Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելը արդեն դավաճանություն է համարվում:
Եվ որպեսզի կոծկի իր խայտառակությունը ՀԱՊԿ-ում, այսօրվանից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը:
Խախտելով անմեղության կանխավարկածը, ժողովրդի աչքին ու ականջին հաճելի պոպուլիզմով ու 37թ. ռեպրեսիվ տեսարաններով քաղաքականության է անցել՝ որպես գործիք օգտագործելով ԱԱԾ-ին՝ Բերիա-Վիշինսկու մեթոդներով:
Բայց մենք չենք նահանջի, երբեք չենք վախենա: Բոլոր հանցագործները, իհարկե, պետք է պատժվեն, եթե իսկապես կա հանցակազմ:
Բայց քաղաքական ընդդիմախոսներին տոտալ ճնշումների միջոցով փորձել վախեցնել, չի հաջողվելու: Դեկտեմբերի 9-ին իրենց անակնկալ է սպասվում:
Որովհետեւ մեր երկրում շատ են արժանապատիվ եւ մտահոգ քաղաքացիները, որոնք տարբերում են շոուն իրականությունից»: