Կներեք, ես ինձ թույլ եմ տալիս ասել՝ նման մարդիկ իրոք «անասուն» են. Ստեփան Գրիգորյան /տեսանյութ/
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ հանդիպմանը նկատեց լրատվամիջոցները այս օրերին այնքան էլ լավ չեն ուղեկցում իրենց: Սեֆիլյանը նշեց դերաբաժանման արդյունքում որոշել են, որ Ստեփան Գրիգորյանի գործը քարոզարշավի ընթացքում որպես դիվանագետ կլինի պատերազմ կանխելը, իսկ իր գործը՝ որպես զինվորական՝ պատերազմ հաղթելը:
Սեֆիլյանը առանձնացրեց ծրագրային երկու կարևոր կետ, որոնց վրա իրենք սևեռել են իրենց ուշադրությունը, առաջինը գյուղերի ապագայի հետ կապված տեսլականն է. «Իսկ երկրորդը վերաբերում է պաշտպանական համակարգին՝ թե ինչպես ենք մենք պահելու մեր սահմանը»,-ասաց նա:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի գնահատմամբ քարոզարշավը ընթանում է բնական հունով և ժողովրդի արձագանքը՝ կապված երկրի վերափոխումների հետ դրական է: «Մեր ծրագրային մոտեցումների ընդգծված տարբերությունը գրավում է մարդկանց և այդ տարբերությամբ է պայմանավորված նաև հետաքրքրության զգալի չափաբաժինը»,-ասաց նա:
Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ «Սասնա ծռերը» նոր խորհրդարանում կարող են լինել երկրորդը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանն էլ իր խոսքում նշեց՝ «Սասնա ծռերը» սիրված են ժողովրդի կողմից և հենց դա է պատճառը, որ կան մեծ թվով մարդիկ իրենց կողքին:
Ստեփան Գրիգորյանը չթաքցրեց, այս օրերին իր համար ցավալի և վատ միջադեպ է գրանցել. «Գյումրիում և Կոտայքում մարդիկ մոտենում էին և բողոքում, որ սկսել է գումար բաժանելու պրոցեսը: Մենք կոչ ենք ոստիկանությանը ուշադիր լինել, դա իրենց լիազորությունն է: Պետք է կանխել այսպիսի խնդիրները: Մարդիկ, ովքեր համարձակվում են փող բաժանել, կներեք ես ինձ թույլ եմ տալիս ասել նման մարդիկ իրոք «անասուն» են. «Սասնա ծռերը» ոչ մեկին թույլ չի տա հայ ժողովրդին դրանով նսեմացնել»,-ասաց նա:
Գրիգորյանն ընդգծեց՝ իրենք պատրաստ են համագործակցել նոր կառավարության հետ, բայց այն մարդիկ ովքեր գումար բաժանելով փորձում են ձայն հավաքել, իրենց կողքին տեղ չունեն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: