Խոսնակը հերքում է լուրերը. Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ նիստին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հերքում է լուրերն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ նիստին։
«Ի՞նչ դժվար էր «Փաշինյանի բացակայությունը պատճառաբանվելու է նրա արձակուրդում գտնվելով» նախադասությունը գրելուց առաջ մտնել կառավարության e-gov կայքէջի «վարչապետի որոշումներ» բաժին և տեսնել, որ վարչապետի արձակուրդը տևելու է մինչև դեկտեմբերի 5-ը կամ եթե դա դժվար է՝ ուղղակի զանգահարել ինձ: Կային ժամանակներ, երբ նման «տեղեկություններ» տարածելու համար գոնե հարցական նշաններ էին օգտագործվում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին», – Facebook-յան իր էջում գրել է Արման Եղոյանը։
Հիշեցնենք՝ «Ժամանակ» թերթը գրել էր, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ նիստին, նրան փոխարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փաշինյանի բացակայությունը պատճառաբանվելու է նրա արձակուրդում գտնվելով և Հայաստանի նախընտրական վիճակով: