Վարուժան Ավետիսյանը պնդում է՝ նոր խորհրդարանը 1-1.5 տարի է գործելու
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպումներ ունեցան Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ։
Սևան քաղաքում «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրենք լինելու են այնպիսի ուժ, որն ապահովելու է քաղաքական հավասարակշռություն՝ կրկին հայտարարելով, որ այս ամենը կարճաժամկետ փուլի համար է, քանի որ «Սասնա ծռերի» կարծիքով՝ նոր խորհրդարանը պետք է գործի 1-1,5 տարի, իսկ երկարաժամկետ փուլի համար լուրջ ծրագիր ունեն։
«Այս համակարգի պայմաններում ձևավորվող, մասնավորապես՝ խայտառակ կրիմինալ ռեյտինգային համակարգի և նախկին հանցավոր ռեժիմին մաս կազմող կուսակցությունների մասնակցությամբ խորհրդարանը չի կարող արտահայտել մեր ժողովրդի քաղաքական կամքը։ Սակայն նոր առողջ ուժերի, այդ թվում՝ մեր ներկայությամբ, այս խորհրդարանն ունենալու է որոշակի պաշար համապատասխան ճանապարհ գնալու»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։
Սևանցիներից մեկը «Սասնա ծռերին» կոչ արեց Արցախի և Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության հարցերում լինել պահանջատեր:
«Եթե Ադրբեջանը սմերչը և գրադը դրել է Նախիջևանում, և Ալիևը հայտարարում է, որ կարող է գրավել Հայաստանը և ոտքերը լվանալ Սևանում, մենք արդեն իրավունք ունենք ասելու մեր պահանջատիրությունը։ Այստեղ վախենալու որևէ հարց չկա, մենք պահանջատեր ենք մեր պատմական հողերին։ Ես կողմ եմ, որ Արցախը միրավորվի Հայաստանին, քանի որ այն հայկական հող է։ Մենք ստրուկ չենք, ազգ ենք, որն ունի նպատակներ»,- նշեց սևանցին։
Գավառում «Սասնա ծռերին» դիմավորեցին աղ ու հացով, որից հետո հյուրասիրեցին օղի, ինչից Վարուժան Ավետիսյանը չհրաժարվեց՝ նշելով, որ չեն ցանկանում խախտել Գավառի օղի հյուրասիրելու ավանդույթները։
Գավառում կուսակցության անդամները հակիրճ ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ առաջիկա խորհրդարանն ունենալու է 1-1,5 տարվա կյանք, որից հետո պետք է կրկին տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։