27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ատելությունից կուրացած

Մի բան Փաշինյանը նախօրեին ճիշտ ասաց՝ սթափվեք եւ զբաղվեք ձեր աշխատանքով, բայց այս կոչը նա ինքն իրեն պետք է աներ: Նրա ներքին ձայնը պետք է այդ կոչն աներ: Նա պետք է վերջապես հասկանար, որ հատում է թույլատրելիի սահմանը, որ այս ամենը արդեն զվարճալի չէ, Ֆեյսբուքում տժժալու, ստատուս գրելու, լայվ մտնելու ու լայքեր-մեկնաբանություններով ուրախանալու թեմա չէ: Սա արդեն սպառնալիք է հայկական երկու հանրապետությունների անվտանգությանը:

Քարոզարշավը հոխորտանքների շքերթի վերածած Փաշինյանը, որ ակնհայտորեն կորցրել է ինքնատիրապետումը, այս անգամ սպառնաց ոչ ավել ոչ պակաս Արցախին: Ճամբարակում նա հայտարարեց , որ լավ չի հասկանում, թե ինչով է պայմանավորված Արցախի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը՝ կապված Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ:

«Ես ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ եւ այդ հարցերը անպայման կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին եւ իրենց ուղարկի աշխատանքով զբաղվելու»,-հայտարարեց Փաշինյանը ու հավելեց.

«Չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օր ու մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն ա տալիս: Այ քեզ բան: Բա պատկերացնու՞մ եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի եւ անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա: Դուք հասկանու՞մ եք դրա հետեւանքը եւ արդյունքը ինչ կլինի: Սթափվեք, հարգելիներս եւ զբաղվեք ձեր աշխատանքով: Իհարկե, այն, ինչ տեղի է ունեցել ձեզ հետ կքննարկեմ ես անպայման, բայց ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով»:

ԱՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ընդամենը հերքել էր նրա այն հայտարարությունը, թե   միայն իր զավակն է Արցախում ծառայում,  թե նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել: Դավիթ Բաբայանը տեղեկացրել էր, որ  Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին ևս ծառայել է, ծառայել են նաև Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները։

Կուռքի վերածված Փաշինյանին հավանաբար ճշմարտությունը դուր չի եկել, հավանաբար, նրան դուր չեն եկել Արցախի զինվորականության՝ Սենոր Հասրաթյանի, Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի հայտարարությունները, որոնք հետեւեցին Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությանը, թե հեղափոխությունն ավելի մեծ նշանակություն ունի, քան Արցախյան ազատամարտը:

Հավանաբար, Փաշինյանն ուզում է , որ Արցախում էլ կուրորեն երկրպագեն իրեն, այնպես, ինչպես դա անում են Իմ քայլը դաշինքում, այնպես, ինչես դա անում են փաշինյանական խոստումներին ու պոպուլիստական հայտարարություններին հավատացողները,  այն միամիտ քաղաքացիները, որոնք իրական փոփոխություն էին ակնկալում:

Կամ Փաշինյանը չի հասկանում, որ իր հայտարարություններով հակադրություն է ստեղծում հայկական երկու հանրապետությունների միջեւ՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետեւանքներով, կամ հասկանալով է արհեստականորեն Հայաստանի ու Արցախի միջեւ խնդիրներ ստեղծում ու այս իրավիճակում դժվար է ասել, թե որ տարբերակն է ավելի մտահոգիչ: Կա նաեւ երրոդ տարբերակը՝ մենիշխանությունն այնքան է կուրացրել նրան, որ թվում է, թե որեւէ մեկը, նույնիսկ Արցախում, իր բառապաշարով ասած՝  իր առաջ «թպրտալ» չի կարող, սակայն այս տարբերական էլ  նույնքան կործանարար է ու առաջին հերթին հենց իր՝ Փաշինյանի համար:

Հ.Գ. Արցախում ծառայող Աշոտ Փաշինյանին ու մեր բոլոր զինվորներին խաղաղ ու անփորձանք ծառայություն ենք մաղթում, իսկ Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք ՝ հանգիստ թողնել Արցախը, որովհետեւ  սահմանից այն կողմ նստածները հենց այդ առիթին են սպասում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ