15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի պատասխանը «երիտհանրապետական» Դավիթ Շահնազարյանին

«Ես չեմ ուզում հիմա ոչ մի էմոցիոնալ հայտարարություններ անել, որովհետև ընդհանրապես ՀՀԿ-ն ու Դավիթ Շահնազարյանը ոչ մի էմոցիա չեն շարժում։ Բայց ես ուզում եմ, որ մենք էդ հարցի պատասխանը ստանանք՝ ելնելով փաստերից։ Մեր կառավարությունը և ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով հստակ ասել է, որ ՀՀ ոչ մի ղեկավար և իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետև Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է»,- այսօր Ստեփանավանում նախընտրական հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե իշխանությունը եկել է Ղարաբաղը հանձնելու համար։

Ըստ նրա՝ եթե կլինի ԼՂ հարցի կարգավորման այնպիսի առաջարկ, որն իր կարծիքով՝ ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, ինքն այդ առաջարկը կներկայացնի ժողովրդին, ու ժողովուրդը կորոշի՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել, և դա ամենամեծ երաշխիքն է, որ որևէ իշխանություն, առավել ևս՝ իրենց իշխանությունը, չի կարող իրականացնել այն, ինչ կա ՀՀԿ-ականների մտքին։

Ն. Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, որ հստակ հայտարարել է, որ ինքը կարող է հանդես գալ ՀՀ անունից, բայց չի բանակցում ԼՂՀ անունից, իսկ ԼՂ ժողովրդի դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Արցախի իշխանությունը, և այն վճռական է լինելու։

Դաշինքի ղեկավարը նշեց, որ իր արձակուրդից հետո հրավիրել է Արցախի ողջ հրամկազմին ու ողջ մանրամասնություններով ներկայացրել է իր դիրքորոշումներն ու բանակցային գործընթացը, նաև ասել է, որ չի ընդունում, այդ թվում՝ Դավիթ Շահնազարյանենց ժամանակին արտահայտած տեսակետը, որ Ղարաբաղի հարցին պետք է փորձագետի մակարդակով տիրապետի 5-6 հոգի, ավելին՝ հակառակն է ասել, որ ինչքան շատ մարդ տիրապետի ԼՂ բանակցային գործընթացին, այնքան լավ՝ իշխանության համար, որովհետև չի կարող լինել գաղտնիք ՀՀ ԶՈՒ-ի, դիվանագիտական ու, ոչ ամբողջությամբ, ժողովրդի համար։

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարվել է պատասխանել միջազգային ներկայացուցիչների հարցադրումներին, թե Հայաստանը պատրա՞ստ է զիջումների, քանի դեռ այդ ներկայացուցիչներն այդ հարցը չեն տվել Ադրբեջանին։

Ն. Փաշինյանը Դավիթ Շահնազարյանին «երիտհանրապետական» անվանեց ու բացատրեց, որ Շահնազարյանը նոր է ընդգրկվել ՀՀԿ շարքերը, դրա համար էլ երիտասարդ հանրապետական է։ Նրա խոսքով՝ եթե ՀՀԿ-ն Փաշինյանի կառավարությանը մեղադրում է Ղարաբաղը հանձնելու ցանկության մեջ, ուրեմն մեղադրում է ժողովրդին նման ցանկություն ունենալու համար, որովհետև ինքն ասում է, որ Ղարաբաղի հարցը լուծվելու է ժողովրդի որոշմամբ.

«Ու սա ասում ա մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ով, իմ խորին համոզմամբ, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, վարել է Ղարաբաղը հանձնելու քաղաքականություն։ Ինչո՞ւ։ Ես մի անգամ ասել եմ դեռ պատգամավոր ժամանակ, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը 1999 թվականին Վազգեն Սարգսյանից որպես ժառանգություն ստացել են մի բանակ, որն ընդունված կարծիքի համաձայն՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր։ Հիմա դուք ասեք՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, առավել ևս՝ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին որևէ մեկը լսե՞լ է, որ իշխանության որևէ ներկայացուցիչ ասի, որ ՀՀ ԶՈՒ-ն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է։ Չեն ասել։ Ինչո՞ւ։ Որովհետև Սերժ Սարգսյանը կանգնեց ու ասեց, որ մեր բանակը կռվում է 80-ականների զենքով։ Սա դավաճանության արդյունք է»։

Ն.Փաշինյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանի եղբայրը մի քանի տասնյակ միլիոն դոլար ունենա, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը միլիոններ ունենա, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը միլիոնատեր լինի, իսկ բանակը կռվի 80-ականների զենքով։

Վերջինս հայտարարեց, որ հետամուտ է լինելու բանակի հետ կապված կոռուպցիոն դեպքերին, և իր համար բացարձակ առաջնահերթություն է լինելու բանակը կրկին ամենամարտունակը դարձնելը։ Նա կոչ արեց՝ ինքնակամ հավաքել, բերել թալանածը. «Պետք է վերադարձնեք էդ փողերը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ