2 տարի հետո կրկին ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է լինեն. «Սասնա ծռեր» (լուսանկարներ)
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարոզարշավը մեկնարկեց Ազգային ժողովի բակից ասուլիսով: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը նշեց, որ հատուկ խորհուրդ կա քարոզարշավը ԱԺ բակից սկսելու մեջ:
«Վերջապես մեր քաղաքացիական պայքարի այն հանգրվանում ենք, որ կարողանում ենք մասնակցել ԱԺ ընտրություններին։ Ընտրություններ, որ չնայած իրենց բազմաթիվ թերություններին և բացթողումներին, շատ հուսադրող են և խոստանում են լինել լեգիտիմ, ինչպես նաև զգալի չափով արտացոլել մեր ժողովրդի կամքը», -մանրամասնեց նա: Ինչպես հայտարարել էր Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը ևս ընդգծեց, որ առաջիկա խորհրդարանը պատկերացնում են որպես անցումային խորհրդարան, երկու տարի հետ կրկին արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կլինի:
«Նախատեսում ենք, որ այդ ընթացքում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, և հենց դրա հիմքով պետք է լինեն նոր, արտահերթ ընտրություններ», – նշեց Ավետիսյանը։ Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե արդյոք ՊՊԾ գունդը գրավելը չի կարող բացասական ազդեցություն ունենալ իրենց վարկանիշի վրա, Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց, որ այդ օրերին անգամ BBC-ն հարցում էր կատարել և չէր գտել մի քաղաքացի, որ կասի, թե իրենք ահաբեկիչ են:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» կուսակցության 174 հոգանոց ցուցակի եռյակում են Վարուժան Ավետիսյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, Գարեգին Չուգասզյանը: