Մեր քննադատությունը թույլ չի տալու, որ իշխանությունը շեղվի. Մանե Թանդիլյան
«Մեր ձայնն ամենուր այնքան բարձր է հնչել, որ որևէ մեկի համար դա կասկած չէ, որովհետև անկախ քաղաքական գործիչներն են, որ կարող են գործել՝ որպես ընդդիմություն, քաղաքական գործիչներ, որոնց հնարավոր չէ լռեցնել»,- այսօր Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» լուսակցության ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ իրենց թիմը որևէ մեկից որևէ կախվածություն չունի. «Հետևաբար, անկախ և արժանապատիվ քաղաքական գործունեություն կարող են իրականացնել և ընդդիմախոս կարող են դառնալ այն գործիչները, ովքեր որևէ կախվածություն չունեն որևէ մեկից»:
Հարցին՝ այսօրվա իշխանության գործունեության ո՞ր կետերին են փորձելու ընդդիմանալ, նա պատասխանեց. «Ընդհանրապես, հակակշիռների և զսպումների մեխանիզմն այն գործիքակազմն է, որը մինչ օրս չի գործում մեր քաղաքական դաշտում, և ընդդիմության գործառույթը միայն քննադատելը չէ, այլ զսպելը և հակակշռելը:
Հետևաբար, այն քննադատությունը, որ հնչեցնելու ենք մենք, լինելու է օբյեկտիվ, կառուցող, առողջացնող, թույլ չի տալու, որ որևէ իշխանություն, անկախ նրանից՝ ինչ ճանապարհով է եկել, շեղվի»: