Առաջին անգամ ոչ թե իշխանության, այլ ընդդիմության ընտրություն է. Արփինե Հովհաննիսյան
Այս ընտրությունն առաջին անգամ ՀՀԿ-ի համար իշխանության ընտրություն չէ, այլ ընդդիմության: Այս մասին ասել է 6-րդ գումարման ԱԺ նախագահի տեղակալ, պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը:
«Հանրապետականի հիմնական ուղերձն այն է, որ կուսակցության անդամները իրենց փորձառությունը, գիտելիքները կարող են ծառայեցնել ՀՀ քաղաքացիներին, ովքեր թույլ կտան եւ ովքեր ուզում են, որ Հանրապետական կուսակցությունը բարձրաձայնի այն խնդիրները, որոնք այսօր կան: Այս ընտրությունն առաջին անգամ իշխանության ընտրություն չէ, այլ ընդդիմության ընտրություն է, հետեւաբար, մենք ձայն ենք խնդրելու՝ լինելու ընդդիմություն իշխանությանը, որպեսզի բարձրաձայնենք առկա թերությունները:
Ինչո՞ւ հենց Հանրապետականը, քանի որ ամենասուր խնդիրների մասին բարձրաձայնում է հենց Հանրապետականը: Մի պարզ օրինակ բերեմ, եթե ես եւ իմ գործընկերները ուշադրությունը չհրավիրեինք համատարած հայտարարագրման մտադրության եւ դրա հնարավոր հետեւանքների մասին, թերեւս իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները չէին սկսի բացատրություններ ներկայացնել ժողովրդին եւ փորձեին արդարանալ, թե ինչու են անում, կամ ինչ են անում: Ո՞վ բարձրաձայնեց այդ խնդիրների մասին, իհարկե, Հանրապետականը, եւ դրա համար մենք խնդրում ենք քվե, մեզ թույլ տալ շարունակել բարձրաձայնելու այդ խնդիրները, որպեսզի կոտրած տաշտակի առջեւ Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետություն, չկանգնի»,- ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստանի քաղաքական դաշտը, ընդհանրապես կարիք ունի, որպեսզի այն ուժը, որը եղել է իշխանություն, ոչ թե վերանա, այլ շարունակի որպես ընդդիմություն գործել. «Ընդհանրապես լավ է, երբ ուրիշի սխալի վրա են սովորում, ոչ թե սեփական: Մենք ունենք էդ ցանկությունը, մենք ունենք էդ պատրաստակամությունը՝ ծառայեցնելու մեր փորձը, գիտելիքները եւ հանձնառությունը հանուն Հայաստանի Հանրապետության: Մենք պատասխանատվություն զգում ենք նաեւ որպես ընդդիմություն, պարտադիր չէ իշխանություն լինել պատասխանատվություն զգալու կամ կրելու համար»:
Արփինե Հովհաննիսյանը փաստեց, որ իրենց իշխանության տարիներին եղել են բացթողումներ, սակայն նշեց, որ ցանկացած իշխանությունից հետո էլ երկրում անելիքներ լինում են:
«Մենք եղել ենք իշխանություն եւ իշխանության տարիներին արձանագրել ենք ինչպես բացթողումներ, այնպես էլ ձեռքբերումներ: Չկա իշխանություն, որն ամբողջապես հասցնում է իր գործունեության ընթացքում կատարել ամեն ինչ, կամ այնպիսի վիճակ թողնել երկրում, որ իրենից հետո էլ անելիք չլինի»,- ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը չհայտնեց, թե ինչ ֆորմատով կանցկացնեն նախընտրական քարոզարշավը, սակայն չբացառեց, որ կլինեն անակնկալներ:
Նշենք, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ: Նախընտրական քարոզարշվը կմեկնարկի վաղը՝ նոյմեբերի 26-ին: