23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարթին Շուլցին

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին

“Եվրանեսթ” ԽՎ-ի համանախագահ Քրիստիան Վիգենին

Մեծարգո պարոնայք,

Ողջ քաղաքակիրթ աշխարհն ու եվրոպական հանրությունը ցնցված են ադրբեջանա-հունգարական խայտառակ գործարքից, երբ կոնկրետ շահերի դիմաց ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան, վաճառքի հանելով եվրոպական արժեքներն ու արդարադատությունը, ավտորիտար Ադրբեջանին վաճառեց 2004 թվականին Բուդապեշտում, ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ սպային կացնահարած հրեշին: Այս օրերին եղան տարբեր երկրների եւ միջազգային կառույցների նախագահների ու ղեկավարների հայտարարությունները: Իհարկե, միշտ չէ, որ այդ հայտարարություններն ադեկվատ էին կատարված հրեշավոր գործարքին եւ որոշ հայտարարություններում կրկին անգամ փորձ էր արված զսպվածության կոչեր հղել տոտալիտար Ադրբեջանին եւ Հայաստանին հավասարապես, ինչը միանշանակ անհասկանալի եւ անընդունելի է: Սակայն, որպես ԵԽԽՎ եւ “Եվրանեսթ” ԽՎ-ի պատգամավոր, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն խայտառակ փաստի վրա, որ հրեշ Սաֆարովին օդակայանում պաշտոնապես դիմավորում էին ԵԽԽՎ-ում եւ “Եվրանեսթում” ադրբեջանական պատվիրակության անդամները: Սա տոտալիտար Ադրբեջանի կողմից հստակ կազմակերպված ակցիա էր, որի մեսիջը մեկն էր ու շատ պարզ` “Ադրբեջանի համար միջազգային հանրության, եվրոպական այն կառույցների, որտեղ այդ երկիրը ներկայացված է, կարծիքն առ ոչինչ է”:

Հարգարժան պարոնայք, եվրոպական արժեքները լաթի կտոր չեն, որ մենք թույլ տանք ամեն տականքի իր ոտքերն այդ արժեքների վրա մաքրի ու խրախճանի: Ես համաձայն եմ ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդի այն գնահատականի հետ, որ նա տվեց ադրբեջանական հրեշին արտահանձնելուց հետո` “Սա այն Եվրոպան չէ, որը մենք ձգտում ենք կառուցել”: Եւ եթե մենք շատ ավելի հստակ գնահատական չտանք տեղի ունեցածին եւ կոնկրետ քայլեր չձեռնարկենք, մեր ընտանիքի անդամ որեւէ երկիր ապահովագրված չէ, որ մի օր էլ ինքը չի դառնա նման խայտառակ գործարքի թիրախ:

Ես ակնկալում եմ Ձեր հստակ արձագանքն ու գնահատականը եւ հույս ունեմ, որ այս հարցը բաց եւ հրապարակային քննարկման առարկա կդառնա ԵԽԽՎ-ում, Եվրոպական խորհրդարանում եւ “Եվրանեսթ” ԽՎ-ում:

 

Հարգանոք`

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,

ԵԽԽՎ-ում եւ “Եվրանեսթում”  հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ