Դա Փաշինյանն ավելի լավ կիմանա, նրա վճարած հարկերն էլ, կաբինետում այս մասով ձեռք բերված պայմանավորվածություններն էլ. Արփինե Հովհաննիսյան
«Որևէ մեկը չի ասում, թե մեր օրոք անսխալական տնտեսական քաղաքականություն է վարվել, բայց, կներեք, Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, թռիչքաձև զարգացում խոստանում, ոչ թե ես։ Մեկ տարվա ծրագիր էին գրել, որում խոսվում էր այդ մասին։ Իմ ասածն այն է, որ, երբ մի քանի մտահոգիչ զարգացումներ կան, և տնտեսական ցուցանիշները բացարձակապես հույս ներշնչող չեն, որոշակի բաներ պետք է բարձրաձայնվեն. Ի՞նչ է արել իշխանությունը։ Մենք լսում ենք, և անգամ Սփյուռքի նախարարն ասաց, որ լինելու են կրճատումներ, պետական ապարատի 100-150.000 մարդկանց կրճատվելու մասին, և, ի դեպ, այդ մարդկանցից շատերն արդեն ծանուցումներ ստացել են։
Մեր իշխանության օրոք եղած օպտիմալացման գաղափարը քայլ առ քայլ պետք է կատարվեր, և գոնե ես Արդարադատության նախարարությունում մտածել եմ 20-30 ազատ հաստիքներ կրճատելու, այլ ոչ թե՝ մարդկանց ճակատագրերի հետ խաղալու մասին»,- «Երկիր Մեդիա» Հ/Ը եթերում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն մոտեցմանը, թե իրենց՝ տնտեսական ոլորտին վերաբերող քննադատությունները հապշտապության ու շատ կարճ ժամանակում չարված գործերի մասին խոսելու տպավորություն են թողնում։
ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարը հավելեց նաև, որ խոսվում է 350 000-ի կողմից 800 000 մարդու պահելու և ընդհանուր հայտարարագրման մասին, և վերջին հարցի վերաբերյալ մանրամասնեց հետևյալը.
«Ընդհանուր հայտարարագրում նշանակում է, որ ՀՀ 18-65 տարեկան յուրաքանչյուր քաղաքացի պետք է ներկայացնի հայտարարագրում։ Աշխարհի ոչ մի երկրում սա չի արվում հենց այնպես. Սա պետության կողմից կատարվող ծախս է, որպեսզի հետո հարկի կամ տեսնի քաղաքացու եկամուտը»։
Ա. Հովհաննիսյանը հավելեց նաև, որ բացի զանգվածային կրճատումների ու ընդհանուր հայտարարագրման գաղափարներից, այս ընթացքում նկատվել է նաև տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, նպաստների կրճատման կամ անհամաչափ բաշխման սկզբունք, որովհետև եթե խոսվում է այն մասին, որ նպաստները պետք է բաշխվեն երեխաներ ունեցողներին, ստացվում է, որ Սամվել Ալեքսանյանի ընտանիքն էլ պետք է նպաստ ստանա։
Լրագրողի դիտարկմանը, թե Սամվել Ալեքսանյանը հայտարարում է, որ նպաստով է ապրում և բիզնես չունի, ԱԺ փոխխոսնակը նկատեց, որ վերջինս իրենց իշխանության օրոք նպաստ չի ստացել, իսկ ինչ վերաբերում է բիզնես ունենալուն. «Դա Փաշինյանն ավելի լավ կիմանա, նրա վճարած հարկերն էլ, կաբինետում այս մասով ձեռք բերված պայմանավորվածություններն էլ»։
Խոսելով կուսակցությունը լքած պատգամավորների մասին՝ Ա. Հովհաննիսյանը համաձայնեց իր կուսակցական ընկերոջ՝ Էդուարդ Շարմազանովի այն գնահատականի հետ, թե վերջիններս դավաճաններ են՝ մանրամասնելով, սակայն, որ որոշ մարդկանց մասով կան վերապահումներ, որովհետև կա կուսակցությանն այդ մասին իրազեկելու ձև։
Արդարադատության նախարարը համաձայնեց լրագրողի այն դիտարկման հետ, թե այդ մարդիկ ի սկզբանե չպետք է լինեին իրենց ցուցակում՝ ասելով, որ դա իրենց սխալներից մեկն էր, բայց և հիշեցնելով, որ իրենց սխալը շատ կարճ ժամանակում կրկնեց նաև Փաշինյանի իշխանությունը, որովհետև այդ մարդկանցից շատերն այժմ նրանց շարքերում են։