08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրային խորհրդի օրակարգը բազմաբնույթ էր

   Ս.թ. ապրիլի 2-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ՝ օրակարգային մի շարք հարցերի քննարկմամբ: 

     Առաջին հարցը վերաբերել է ՀՀ Հանրային խորհրդի հետագա գործունեությանը եւ “ՀՀ Հանրային խորհրդի մասին” օրենքի նախագծին: 

      Նշվել է, որ Հանրային խորհրդի աշխատանքերն ավելի արդյունավետ դարձնելու եւ ՀԽ-ն հանրային կյանքում որպես մնայուն մարմին ունենալու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել “Հանրային խորհրդի մասին” ՀՀ օրենքի նախագիծ:

    Հանրային խորհրդի կողմից մշակված օրենքի նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի, ինչպես նաեւ իրավաբանների մասնակցությամբ, որոնք գտնում են, որ մշտական գործող եւ լիարժեք մարմին ունենալու համար Հանրային խորհուրդը պետք է նախատեսվի ՀՀ Սահմանադրության մեջ (օրինակ` ինչպես դա արված է Ֆրանսիայում): Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով: ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրումից հետո միայն նպատակահարմար կլինի ընդունել “ՀՀ Հանրային խորհրդի մասին” լիարժեք օրենք:

    Եվ քանի որ մոտ ժամանակներում նախատեսվում է ընդունել ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ, Հանրային խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է քննարկել Հանրային խորհրդի հիշատակումը վերը նշված փոփոխությունների մեջ ներառելու հարցը՝ առավել եւս, որ դա համահունչ է ժամանակակից աշխարհում առկա գործընթացներին, երբ հասարակության ակտիվությունը տեղափոխվում է քաղաքական դաշտից հանրային դաշտ:

    Իսկ մինչ այդ պահպանել գործող Հանրային խորհուրդը, գործող ՀԽ կանոնադրության մեջ  ամրագրել որոշ դրույթներ, որոնք նախատեսվում են նաեւ քննարկվող օրենքի նախագծում: Դա թույլ կտա ինչպես փորձարկել այդ դրույթները, այնպես էլ՝ նորացնել Հանրային խորհրդի կազմը՝ ստեղծելով ՀԽ մի քանի նոր հանձնաժողովներ եւ կազմակերպելով դրանցում հանձնաժողովի նախագահի ընտրություններ, որոնք կդառնան ՀԽ անդամներ: 

    Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում եւ դրա հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերին: Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀԽ միջազգային կառույցի՝ Տնտեսական եւ սոցիալական խորհուրդների եւ համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում (որի անդամ է նաեւ ՀՀ Հանրային խորհուրդը) ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին՝ կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում եւ իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն: 

   ՀԽ անդամները նաեւ նշել են, որ նմանատիպ դեպքերը միշտ տեղի են ունենում անսպասելիորեն, եւ ցավոք, մեր հասարակությունն ու պետական մարմինները լիարժեքորեն պատրաստ չեն լինում դրանց, իսկ նման դեպքերի չկրկնվելու երաշխիքներ գոյություն չունեն: Ուստի Հանրային խորհուրդը որոշել է մշակել պետական եւ հասարակական միջոցառումների ցանկ, ինչը հնարավորություն կտա առավել արագ արձագանքել նմանատիպ իրավիճակներին՝ դասեր քաղելով Քեսաբի դեպքերից:

  Նիստի օրակարգի համաձայն՝ քննարկվել է նաեւ Հանրային խորհրդի կողմից վերջին շրջանում բարձրացված երեք կարեւոր հարցերի ընթացքը, որոնք վերաբերում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, “Զվարթնոց” օդանավակայանի հին ուղեւորային համալիրին, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգին:

   Քննարկելով պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշումը՝ Հանրային խորհուրդը բարձր է գնահատել հասարակական այն պայքարը, որի արդյունքում այսօր մենք ականատես ենք լինում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը: Միաժամանակ հանրային խորհուրդը գտնում է, որ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ Հայաստանը կատարում է մի նոր կարեւոր քայլ դեպի իրական իրավական պետության կայացում: Հանրային խորհուրդը շարունակելու է ուշադիր հետեւել հետագա գործընթացներին եւ խնդրի վերջնական լուծմանը: 

    Հանրային խորհուրդը կարեւորել է նաեւ “Զվարթնոց” օդանավակայանի հին ուղեւորային համալիրի պահպանման նպատակով հանրության կուռ կարծիքի ձեւավորումը, ինչպես նաեւ կոնցեսիոների եւ կառավարության պատրաստակամությունը՝ հաշվի նստել հանրային կարծիքի հետ եւ քննարկել օդանավակայանի հետագա զարգացման այնպիսի ծրագիր, որը չի սպառնա “Զվարթնոց”-ի կլոր շենքին: Նշվել է, որ Հանրային խորհուրդը պատրաստ է համագործակցել կոնցեսիոների հետ շենքի պահպանման, ամրացման եւ հետագա շահագործման հարցերի շուրջ:

 Հանրային քննարկումների եւ ՀԽ համառ ջանքերի արդյունքում ունեցած կարեւոր հաջողություն է համարվել նաեւ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների խնդրին պետական ամենաբարձր մակարդակով կարեւորություն տալը եւ խնդրի լուծման նպատակով գործողությունների համալիր ծրագիր մշակելու կառավարության քայլը:

   Նշվել է, որ ՀՀ վարչապետն իր շնորհակալական խոսքն է հղել Հանրային խորհրդին այդ կարեւորագույն հարցում հետեւողական աշխատանք ցուցաբերելու համար, միաժամանակ ընդգծվել է, որ այդ հարցում դեռ անելիքները շատ են, եւ Հանրային խորհուրդը շարունակելու է հետեւողական լինել խնդրի վերջնական լուծման ուղղությամբ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ