27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւր ես տանում դու, ճանապարհ, դժո՞խք. Հայոց աշխարհ

Քարոզարշավի մասնակիցները, իրենց եւ երկրին ցանկանալով նոր ու ավելի բարվոք ճակատագիր, ստիպված են լինելու երկու օրից ճամփա ընկնել։  

Նրանք դեռեւս գուցե չգիտեն էլ այդ մասին, բայց ճանապարհը անպայման սպասում է քարոզիչներին, քանզի միայն նա է տանում այնտեղ, որտեղ նրանք չեն եղել երբեք։ Բարդիներից, կիրճերից անդին, օտար վայրեր։   

Որտե՞ղ է դա։ Ի՞նչ կա այնտեղ։ Հեռավորությունը՝ իքս, տպավորությունները՝ իգրեկ։ Հավասարում՝ բոլոր անհայտներով։  

Հիմա ճանապարհը կտիրի քարոզչին, կպտտեցնի, կմոլորեցնի եւ կընկղմի կախարդական անուրջներով լի քնի մեջ։ Թեկուզեւ անգամ մղձավանջի, միայն ոչ այստեղի, ոչ սովորական, ոչ առօրեական։  

Բայց քարոզչի քունն ինչ-որ չի տանում, չի կարողանում հանգիստ շնչել։ Գուցե սավանն է տակը ոլորվել, գուցե քարեր կան բարձի մեջ։ Ճռնչում է մահճակալը։ Աչքերն ավազով են լցվում։ Ուղեղում սարսափելի մտքեր են պտտվում, զարհուրելի բառեր. ընտրախախտումներ, քվեաթերթիկ, ընտրակաշառք, ընտրազանգված, տոկոսներ, սեւ ուժեր… Ինչ-որ զառանցանք, մի խոսքով։  

Ո՞ւր ես տանում դու, ճանապարհ։ Դժո՞խք։ Զրկվել է, զրկվել է քնից քարոզիչը։ Գուցե ելնի անկողնուց, մի քիչ ման գա, ուտի ինչ-որ բան անճարությունից դրդված։ Չէ, պատառը կուլ չի գնում։ Քունը չի տանում, գրո՛ղը տանի։  

Իսկ ճանապարհի երկայնքով թաքնվել են մրցակիցները։ Թփուտներում, ցանկապատից այն կողմ, քարերի հետեւում։ Խավար են նրանց դեմքերը, չարությամբ լեցուն՝ աչքերը։ Ուզում են ճանկել քեզ, բռնաբարել, խլել քարոզչական նյութերը։   

Բայց գուցե կա՞ այստեղ գոնե ինչ-որ նշան, երջանկության, ազատագրման նախանշանակ։ Ինչ-որ բան, որ ուժ կտա քարոզչին, կառույգացնի նրան ու կոգեպնդի։  

Քարոզարշավի մասնակիցը պիտի մշտապես ճանապարհին լինի, մշտապես շարժման մեջ։ Քանզի ոչ մի տեղ չի տանում ճանապարհը հայոց աշխարհում։ Եվ մեկ անգամ հայտնվելով ճանապարհին, դու այլեւս երբեք ոչ մի տեղ չես հասնի ու երբեք չես վերադառնա։  

Կհասնի՞ քարոզիչը նպատակին։ Դժվար է ասել։ Չէ՞ որ շարժումը դեպի նպատակ հիշեցնում է Աքիլլեսի եւ կրիայի մրցավազքը՝ Ք.ա. 5-րդ դարի փիլիսոփա Զենոնի պարադոքսներում։ Քանի որ Աքիլլեսը վազում է կրիայից շատ ավելի արագ, վերջինիս առաջարկում են սկսել վազքը մրցակցից զգալիորեն ավելի շուտ։  

Սուլիչի կամ, ինչպես ասում էին այն ժամանակներում՝ նետած տեգի ազդանշանով Աքիլլեսը սլանում է դեպի այնտեղ, որտեղից մեկնարկել է կրիան։ Բնականաբար մինչ նա վազում էր, կրիան մի քիչ էլ տարածություն անցավ, եւ այժմ Աքիլլեսը պիտի հասնի այն կետին, որին հասցրել է հասնել կրիան։ Բայց այդ ընթացքում կրիան կրկին կհասցնի որոշակի տարածություն անցնել։  

Կարեւոր չէ, թե քանի անգամ Աքիլլեսը կհասնի կրիայի նախորդ մեկնակետին։ Նա, միեւնույն է, երբեք չի անցնի նրանից։ Միակ բանը, որ պահանջվում է կրիայից հաղթանակի համար, կանգ չառնելն է։  

Քարոզիչների ամենամեծ բանակը, բնականաբար, կլինի Փաշինյանինը։ Եվ շարքային ընտրողների համար առավելագույն վտանգ են ներկայացնում հենց նրանք։ Եվ ահա թե ինչ ուշագրավ զուգահեռ է այստեղ առաջանում, բարեկամներս։  

Վերջին 15-20 տարիներին Հյուսիսային Ամերիկայում տեղի ունեցավ կենսաբանական տեսանկյունից չափազանց հետաքրքիր մի իրադարձություն։ ԱՄՆ արեւելյան ափին հայտնաբերվեց տեղական ինվազիոն հեմորագիկ տենդ, որը կոչվում է հանտավիրուս կամ թոքային սինդրոմ։  

Գոյություն ունի վիրուսների խումբ, որոնք հարուցում են թոքաբորբ հիշեցնող հիվանդություններ։ Մահացությունն ըստ որում նույնիսկ ամերիկյան բժշկության ներկայիս շատ բարձր մակարդակի պայմաններում հասնում է 40%-ի։ Այդ հիվանդությունը զարգանում է սրընթաց եւ դժվարությամբ է ախտորոշվում։ Հաճախ մարդուն բուժում են թոքաբորբից, իսկ երեք օր անց նա մահանում է հանտավիրուսից։  

Երբ գիտնականները սկսեցին հետազոտել այդ երեւույթը, պարզվեց, որ հիվանդության բնական պահոցը, այսպես կոչված՝ եղջերվամուկն է, որն ապրում է Հյուսիսային Ամերիկայի անտառներում ու սնվում հացաբույսերով։ Մկան այդ տեսակի եւ մարդու շփումներ եղել են միշտ, բայց չափազանց հազվադեպ, դրա համար էլ պատահական մահվան պատճառը ոչ ոք չէր հասկանում։  

Վերջին ժամանակներս, սակայն, այդ մկները ինչ-որ պատճառով սկսեցին տեղափոխվել մարդուն ավելի մոտ։ Գիտնականները հետզհետե պարզեցին, որ հենց այդ ժամանակ Հյուսիսային Ամերիկայի անտառներում սկսել էին վայրիանալ մեծ քանակությամբ սերմեր տվող արեւելաասիական բամբուկները։ Հենց այդ սերմերի վրա են եղջերվամկները բազմանում առավել սրընթաց։  

Սակայն բամբուկը մոնոկարպիկ է, այսինքն՝ բույս, որը պտղաբերում է միայն մեկ անգամ ու մահանում։ Բամբուկի զանգվածային բերքի հետ կապված մկների պոպուլյացիան նույնպես աճեց, ինչը որոշ ժամանակ անց հանգեցրեց կերի պակասի։ Դրա հետեւանքով մկները ցրվեցին սնունդ հայթայթելու եւ անխուսափելիորեն հայտնվեցին անտառի եզրին. որսորդական տնակներում, ամառանոցներում։ Եվ այսպիսով՝ մարդու հետ շփումների հաճախականությունը կտրուկ աճեց։  

Ադվենտիվ ներկրված բույսը՝ բամբուկը, ծառայեց որպես ձգան, որը գործի գցեց հետագա կենսաբանական հետեւանքների շղթան, ինչի հետեւանքով արդեն մահացել են հարյուրավոր մարդիկ։  

Սույն պատմությունը հետաքրքիր է այն առումով, որ արտացոլում ու բացատրում է հայրենի քաղաքական կյանքում ներկայումս տեղի ունեցող գործընթացները։   

Ժամանակին, մինչեւ այս տարվա գարուն, մեզանում կային, իհարկե, փողոցային ակտիվիստներ, բայց նրանց ու մարդկանց շփումները հաճախակի չէին։ Ընդհանուր առմամբ փողոցային ակտիվիստները չէին կարող մեծ վնաս պատճառել։   

 Բայց գարնանը Փաշինյանը սկսեց իր հայտնի քայլերթը Գյումրիից դեպի Երեւան, ակցիաները մայրաքաղաքում, եւ այդ «սերմերի» վրա էլ սրընթաց բազմացան փողոցային ակտիվիստները։   

Հետո տեղի ունեցավ իշխանափոխություն, փողոցային ակցիաները կորցրին իրենց նշանակությունը եւ իմաստը, եւ ակտիվիստների կտրուկ բազմացած պոպուլյացիան ցրվեց երկրով մեկ՝ ստացած պաշտոնների միջոցով սնունդ հայթայթելու։   

Իսկ այսօր Փաշինյանը նրանց բոլորին մոբիլիզացրել է, վերածել քարոզիչների եւ ուղարկում է շփման մեջ մտնելու մարդկանց հետ, ինչը վերջիններիս համար մահացու վտանգավոր է։ Արդյունքում քարոզարշավը կարող է ծառայել որպես ձգան՝ հանգեցնելով չափազանց տխուր հետեւանքների։   Չէ՞ որ քարոզիչ դարձած փողոցային ակտիվիստը այն ամեն բացասականի բնական պահոցն է, որ կարելի է պատկերացնել»։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ