Հայկ Մարությանի հրամանով աշխատանքից ազատում են մարդկանց. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Պարոն Փաշինյան, ես 2011 թվականից աշխատում եմ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում (թաղապետարանում)։ Աշխատանքի եմ ընդունվել որպես առաջին կարգի մասնագետ, այժմ էլ աշխատում եմ առևտրի և գովազդի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։
Երեկ ինձ իր մոտ կանչեց վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Թումասյանը և հորդորեց, որ աշխատանքից ազատվելու դիմում գրեմ։ Ու ամենահետաքրքիրը ՝ ասաց, որ կատարում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականը։
Թե ինչու ես պետք է աշխատանքից դուրս գամ, որևէ պատճառ չի նշվել, սակայն համոզված եմ, պատճառն այն է, որ ես Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ եմ։
Բնականաբար, ես չեմ համաձայնել ազատման դիմում դրել։ Ես համայնքային ծառայող եմ, իմ իրավունքները պաշտպանված են օրենքով, և ես բոլոր հնարավոր օրինական միջոցներով պաշտպանելու եմ իմ իրավունքները։
Չեմ խոսում այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին ծանր վիրավորվել եմ և մինչ օրս բուժվում եմ, չեմ խոսում նաև այն մասին, որ ընտանիքիս միակ կերակրողը ես եմ և այս տարիներին միշտ լավ եմ աշխատել՝ արժանանալով շնորհակալագրերի և պարգևների քաղաքային իշխանությունների կողմից։
Պարզապես ուզում եմ իմանաք, որ նման բաներ են կատարվում՝ կուսակցական պատկանելության պատճառով՝ մարդուն փորձում են աշխատանքից ազատել։ Անում են այն, ինչի համար քննադատում էին նախկին իշխանություններին։
Հուսով եմ նամակս տեղ կհասնի և կարձագանքեք։ Եթե իրոք քաղաքապետը նման հրահանգ է տվել, հուսով եմ ձեր արձագանքն ու համապատասխան քայլերը չեն ուշանա, իսկ եթե չի տվել, ապա հուսով եմ կրկին անարձագանք չեք թողնի թաղապետի քայլը՝ ձեր անվան հետ խաղալու և ինքնագործունեության համար։
Հարգանքով
Բաբկեն Մկրտչյան