Դավիթ Շահնազարյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյանին
«Արտաքին քաղաքականությունը ոչ թե նրա համար է, որ նորանոր հակառակորդներ ու թշնամիներ ձեռք բերես, այլ որպեսզի կարողանաս թշնամուն դարձնել հակառակորդ, հակառակորդին` չեզոք, չեզոքին` համակիր, համակիրին` բարեկամ, իսկ բարեկամին էլ դաձնել դաշնակից: Իշխող վարչախմբի համամասանական ցուցակի հինգերորդ տասնյակում ընդգրկված է մի մարդ, ով այդ թիմում բոլորից լավ է տիրապետում արտաքին քաղաքական ու տնտեսական հարցերին, և ես կխնդրեի, որ նա այս պարզ իրողությունը բացատրեր վարչապետի պաշտոնակատարին: ՀԱՊԿ-ի վերջին հանդիպմանը, Հայաստանը, ըստ էության, խախտել է կոնսենսուսը:
Արտաքին հարաբերություններում կոնսենսուս խախտելը կատարյալ թուլության նշան է, որովհետև դա նշանակում է` փաստարկ չունես, իրավունք ես կիրառում: Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում չի պահպանելու գլխավոր քարտուղարի պաշտոնը, օգոստոսից գիտեին բոլորը, այդ թվում` ներկայիս իշխանությունները, և ակնհայտ է, որ դեկտեմբերի 6-ին դա նույնպես չի լինելու, բայց հիմա իրավիճակը շատ է սրվել»,- «Արարատ» Հ/Ը եթերում հայտարարեց ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա` Ղազախստանի ու Բելառուսի նախագահներից Նիկոլ Փաշինյանի` պատասխան պահանջելու վերաբերյալ արված հայտարարությունները ոչ մի կապ չունեն դիվանագիտության հետ, և սխալ է հեղափոխականությունը բերել Կառավարություն և առավել ևս` արտաքին հարաբերությունների ոլորտ:
«Միաժամանակ ասվում է, որ այս հարցում Ռուսաստանը կառուցողական դիրք է պահպանում, բայց պետք է հիշել, որ ՀԱՊԿ-ը երկրների խումբ է, որոնք Ռուսաստանի հետ ունեն հատուկ հարաբերություններ, և մեղադրել այդ երկու երկրներին ու ասել, որ Ռուսաստանը կառուցողական դիրքորոշում ունի, չի կարելի: Մենք պետք է հասկանանք, որ դեկտեմբերի 6-ին այդ մթնոլորտում հարաբերությունները կարող են վերջնականապես խզվել: Այս իրավիճակում ես կոչ եմ անում վարչապետին, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ-ի նիստին մասնակցի ոչ թե ինքը, այլ Հանրապետության նախագահը, որովհետև Արմեն Սարգսյանն ունի հսկայական փորձ, դիվանագիտական հարաբերություններ և այդ մթնոլորտը կարող է լիցքաթափել»,-հավելել է Դավիթ Շահնազարյանը:
Վերջինս կարծում է, որ այս հարցը լուծելու համար պետք է օգտագործել նաև այս իշխանափոխության մեջ առանցքային դեր ունեցած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավորությունները:
Ըստ Դ. Շահնազարյանի`արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ և արդյունավետ: Արդյունավետություն արդեն չկա, բայց լարվածությունը թոթափելու համար պետք է օգտվել իր` արդեն նշած տարբերակներից ՀԱՊԿ-ը վերջնականապես Ադրբեջանին չհանձնելու համար: