ՀՀԿ-ն հավատում է Ծառուկյանի ստորագրությանը
Henaran.am-ը ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից փորձեց ճշտել, թե ինչպես է ՀՀԿ-ն վերաբերում այն հրապարակումներին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջադրվելու է նախագահական ընտրություններում եւ հաղթելու է:
“Նախ, մամուլում շրջանառվող ենթադրություններին լուրջ չեմ վերաբերում: Ավելին, մեզ համար հիմք կարող է հանդիսանալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտոնական հայտարարությունը: Մնացած բոլոր կարծիքները, “հավաստի աղբյուրները” ոչինչ չեն նշանակում”,-ասաց Շարմազանովը:
Վերջինիս խոսքով, ԲՀԿ-ն, ինչպես նաեւ ՀՀԿ-ն եւ “Օրինաց երկիր”-ը ստորագրել են մի փաստաթուղթ, որի համաձայն 2013թ-ին պաշտպանելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Henaran.am-ի դիտարկմանը, թե ԲՀԿ-ն կոալիցիա չէ, եւ փաստաթուղթը ստորագրվել էր նախորդ կոալիցիայի ժամանակ` Շարմազանովն ասաց.
“Նախագահական ընտրությունների մասին այլ պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրվել: Էլի եմ կրկնում, փաստաթղթի տակ կա Ծառուկյանի ստորագրությունը, եւ մինչեւ նրա կողմից պաշտոնական հայտարարությունը, մնացած բոլոր խոսակցություններն անհիմն են”: