27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մեծ ցատկը» ձախողվել է. չինական սցենարի առաջին փուլը. Հայոց աշխարհ

Ավտոմեքենա վարելիս կա չգրված կանոն. «Մտածիր հիմարի փոխարեն»։ Այն իմաստով, որ հարկավոր է հաշվարկել իրադրությունը ոչ միայն քո տեսանկյունից, այլեւ այն հիմարի, որը ամեն պահի կարող է անսպասելիորեն սեղմել գազի ոտնակը։ Ճանապարհն ապացուցում է, որ նպատակն այդ, ըստ էության, անիրագործելի է։ Հիմարները ճանապարհներին անկանխատեսելի են, անդրդվելի եւ առույգ։ Նրանք շատ են։  

Նույնն էլ իշխանության պարագայում է։ Այստեղ էլ ամեն պահի ամենաանկանխատեսելի եւ անհեթեթ քայլերի պատրաստ հիմարների պակաս չի զգացվում։ Եվ ամենեւին հայտնի չէ, թե ինչ կհրամցնեն հաջորդ պահին։  

Եթե հիշում եք, ժամանակին, դեռեւս 80-ականների երկրորդ կեսին, մեզանում շատ էր խոսվում չինական ուղու մասին որպես տոտալիտարիզմից ելքի լավագույն միջոցի, եւ բազմաթիվ դյուրազգաց մարդիկ իսկապես հավատում էին դրա փրկարար լինելուն։ Դատելով ամենից, իշխանափոխությունից հետո մենք վերջնականապես ընտրել ենք հենց չինական տարբերակը եւ վստահորեն շարժվում ենք այդ ուղիով։   Եվ որ առանձնակի հաճելի է. ոչ մի շեղում։ Մասնավորապես, չինական սցենարի առաջին փուլը, ինչպես հայտնի է, ենթադրում է կուլտուրական հեղափոխություն։ Առանց կուլտուրական հեղափոխության, թանկագիններս, ոչինչ չի ստացվի։ Հենց այդ փուլում ենք մենք հիմա, որն էլ, իր հերթին, շարժվում է երեք ուղղությամբ։  

Նախ՝ ինտենսիվ, թեեւ ոչ միշտ ակներեւ պայքար է սկսվում վերեւներում, կապված նրա հետ, որ իշխանության վիճակը կայուն չէ։ «Մեծ ցատկը» ձախողվել է, պետք է ինչ-որ կերպ ամրապնդել անձնական իշխանության ռեժիմը։ Չէ՞ որ մասնակի բարեփոխումները, ինչպես հայտնի է, ծնում են շատ ավելի մեծ թվով դժգոհների, քան դրանց բացակայությունը։  

Փաշինյանի խոստացած «մեծ ցատկը» մեզանում, բնականաբար, ձախողվեց, իշխանության վիճակը կայուն չէ, եւ իշխանության ներսում սկսվել է եռանդուն պայքար։ Տրոհվեց «Ելք» դաշինքը, իսկ հիմա լուրջ տարաձայնություններ են հասունանում նաեւ «Քաղպայմանագրում»։   Ի դեպ, առաջնորդների վիճակը մեր ժամանակներում այս առումով ակնհայտորեն փոխվել է դեպի լավը։ Նախկինում միայն առաջնորդների մահից հետո էինք իմանում, որ գործ ենք ունեցել ժողովրդի թշնամիների հետ։ Ներկայումս դա ակնհայտ է ի սկզբանե, ինչը լրացուցիչ խթան է հաղորդում ներիշխանական պայքարին։  

Երկրորդ՝ կուլտուրական հեղափոխության ժամանակ ժողովրդի մեջ ամեն կերպ սերմանում են թշնամանք ու պառակտում։   

Այդ առումով նույնպես մեզանում ամեն ինչ կարգին է։ Հասարակության բաժանումը «սեւերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» եւ «հակահեղափոխականների» այն աստիճան է պառակտել ժողովրդին, որ չինացիներին մնում է միայն նախանձել։  

Նկատենք, որ ընդհանուր առմամբ ատելության բորբոքումը մեզանում առանձնակի դժվարություն երբեք չի առաջացրել։ Մեր մարդը միշտ պատրաստ է ատել ամեն մեկին ու անմենքի մեջ տեսնել թշնամի։ Ինչպես ասում են՝ լինի Մարքս թե Քրիստոս, տարբերությունը մեծ չէ։ Գլխավորը, ոնց էլ շրջես, միեւնույն է, մեղավոր են հրեաները։  

Երրորդ՝ կուլտուրական հեղափոխության ժամանակ կազմակերպվում են արմատական տրամադրված երիտասարդների ջոկատներ, որոնց անկարգություններին իշխանությունը նայում է մատների արանքով։   

Կոպիտ ասած, եթե խունվեյբինները ծեծելով սպանեն պրոֆեսորի, ապա դա անցանկալի, բայց ընդհանուր առմամբ ներելի միջադեպ է։ Ինչպես ժամանակին նկատել է Չինաստանի պետանվտանգության նախարար Սե Ֆուչժին՝ «անձամբ ես չեմ սիրում, երբ սպանում են մարդկանց, բայց արժե՞ արդյոք, որ ժողովրդական միլիցիան զսպի զանգվածների զայրույթը»։  

Այստեղ Նոր Հայաստանի իշխանություններն ընդհանրապես խնդիրներ չունեն, քանզի նրանց երիտասարդ ակտիվիստները արդեն վաղուց հարյուր տոկոսով պատրաստի խունվեյբիններ են։   

Ինչպես տեսնում ենք, Նոր Հայաստանի իշխանությունները գործնականում ամեն ինչ ունեն կուլտուրական հեղափոխություն կազմակերպելու համար, որից հետո էլ կշարժվեն չինական ուղիով։  

Ճիշտ է, որոշ տարբերություններ այնուամենայնիվ կան։ Ընկեր Մաոն ուսուցանում էր. «Ճիշտ կամ սխալ գաղափարական կամ քաղաքական ուղեգիծ. ահա թե ինչն է վճռում ամեն ինչ։ Եթե կուսակցության ուղեգիծը ճիշտ է, ապա մնացյալ ամենը կկարգավորվի։ Եթե չկան հետեւորդներ, հետեւորդներ կհայտնվեն, եթե չկան հրացաններ, հրացաններ կհայտնվեն, եթե կուսակցությունը չունի քաղաքական իշխանություն, ապա նա կնվաճի քաղաքական իշխանություն»։   

Նոր Հայաստանի իշխանության շրջանում իսպառ բացակայում է հենց գաղափարական ու քաղաքական ուղեգիծը, եւ դրանով նրանք տարբերվում են չինացիներից։   Փոխարենը՝ մենք վստահորեն առաջ ենք անցնում վերջիններից ընտրովի արդարադատության ոլորտում։ Օրինակ, մենք տեսնում ենք, թե ինչպես խոշոր պաշտոնյաների շուրջ մշտապես առաջացող սկանդալային իրավիճակները ոչ մի կերպ չեն սասանում նրանց դիրքերը։   

Ամեն մի նորմալ երկրում ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խայտառակ հեռախոսազրույցի հրապարակումից հետո նրանց տեղնուտեղը կհեռացնեին պաշտոններից (կամ հենց իրենք անմիջապես հրաժարական կտային), մինչդեռ մեզանում սույն պարոնները հիանալի են զգում իրենց եւ նույնիսկ չեն արդարանում։ Եվ ինչպե՞ս կհրամայեք սա հասկանալ։    

Մենք տեսնում ենք, թե ինչ օլիմպիական անվրդովություն է դրսեւորում իշխանությունը, երբ անապացույց մեղադրանքներ են հնչում ինչպես առանձին անձանց, այնպես էլ ամբողջ ընկերությունների հասցեին, ինչպես են քրեական գործեր հարուցում եւ ձերբակալում մարդկանց միայն զրպարտչագրերի հիման վրա եւ այլն։   Ինչպե՞ս այստեղ չհիշես կարդինալ Ռիշելյեի արտահայտությունը. «Տվեք ինձ ամենաազնիվ մարդու ձեռքով գրված վեց տող, եւ ես կգտնեմ դրանց մեջ որեւէ բան, ինչի համար նրան կարելի կլինի կախել»։   

Այսօր իրավապահների կողմից ներկայացվող շատ մեղադրանքներ զարմանալիորեն հիշեցնում են կոտլետների գողության մեջ կասկածվողի դատավարության տեսարանը Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթից։  

«Թագուհի- Կտրե՛ք նրա գլուխը։  

Սպիտակ ճագար- Ոչ, դեռ շուտ է, պետք է, որ ամեն ինչ օրենքով լինի։  

Թագավոր- Լսենք վկաներին, հոգյակս։  

Սպիտակ ճագար- Ձեր թույլտվությամբ։ Հենց նոր գտնվել է մի փաստաթուղթ։ Հանցանշան, Ձերդ Մեծություն։ Նամակ, Ձերդ Մեծություն։  

Թագավոր- Ումի՞ց։ Ո՞ւմ։  

Սպիտակ ճագար- Ոչ մեկի՛ց։ Ոչ մեկի՛ն։  

Թագավոր- Ինչ կասկածելի՜ է։ Ձեռագիրը մեղադրյալի՞նն է։  

Սպիտակ ճագար- Ոչ, եւ դա է՛լ ավելի կասկածելի է։  

Թագավոր- Ստորագրություն կա՞։  

Սպիտակ ճագար- Ոչ։  

Թագավոր- Ըհը՜։ Երեւում է՝ նա ինչ-որ վատ բան է մտքին դրել, այլապես կստորագրեր, ինչպես բոլոր ազնիվ մարդիկ։  

Թագուհի- Մեղքն ապացուցված է»։  

Արդարադատության ոլորտում Նոր Հայաստանի «հեղափոխական» իշխանությունները, դատելով ամենից, երազում են հասնել Վ.Ի.Լենինի բարձունքներին, որը 1922 թվականի մայիսի 17-ին արդարադատության ժողկոմին ուղարկեց կարեւոր գրություն. «Ընկեր Կուրսկի, ձեւակերպել պետք է հնարավորինս ծավալուն, քանզի միայն հեղափոխական իրավագիտությունն ու հեղափոխական խիղճը կորոշեն փոքրիշատե լայն կիրառման պայմանները գործնականում։ Կոմունիստական ողջույնով՝ Լենին»։  

Երկտողին կցված էր քրեական հոդվածի սեւագիրը. «…պրոպագանդան կամ ագիտացիան, կամ կազմակերպմանը մասնակցությունը կամ աջակցությունը (օբյեկտիվորեն աջակցողներ կամ աջակցելու ընդունակներ)… այն կազմակերպություններին կամ անձանց, որոնց գործունեության բնույթը …»։   

Հենց համանման առիթներով է ժամանակին ասվել. «Այստեղ բերեք Ավգուստին Երանելուն, ես նրան տեղնուտեղը մտցնեմ այս հոդվածի տակ»։   Ինչեւէ, Մյուրատին եւ Հաննիբալին վայել զորաշարժերով հայրենի իշխանավորները նորից ու նորից հեռացնում են ուղեղը իրականության հետ անմիջական բախումից։ Չնկատել այն, ինչն ակնհայտ է բոլորին, եւ համառորեն պնդել այն, ինչին վաղուց արդեն ոչ ոք չի հավատում. նման մարտավարությունը մեծ հաջողություն կբերի նրանց։   Եվ ոչ միայն նրանց, այլեւ ընդհանրապես Նոր Հայաստանին»։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ