25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչն է խանգարում լուծել ղարաբաղյան հակամարտությունը. Բեռլինում է Արցախի ԱԺ նախագահը

Ի՞նչ դեր ունի Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասի զարգացման գործում եւ ի՞նչն է խանգարում լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Այս հարցերի շուրջ էին ապրիլի 1-ին բանավիճում Բեռլինի Եվրոպական Ակադեմիայում: Հատուկ բանախոսը ԼՂՀ Ազագյին Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն էր:

“Այս տարի մայիսին լրանում է Արցախի զինադադարի 20 ամյակը, սակայն, ցավոք, խնդիրը մնում է դեռեւս չլուծված“,- իր ելույթում նշեց Ղուլյանը` անդրադառնալով այն երեք հիմնական պատճառներին, որոնք թույլ չեն տալիս կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Թերեւս առաջնային խնդիրն այն է, որ Ղարաբաղը` որպես հակամարտության անմիջական կողմ, չի մասնակցում ընթացող բանակցություններին:

Երկրորդ կարեւորագույն խդիրը Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն է, ղարաբաղա-ադբեջանական շփման գծում անդադար պրովոկացիաներն ու Բաքվից հնչող սպառնալիքները: Եւ վերջապես` հակամարտության կարգավորման հարցում գրեթե անհնար է դառնում լուծումներ գտնել, երբ հակամարտող կողմերի միջե ի սպառ բացակայում է վստահությունը: Իսկ այս դեպքում շատ դժվար է հասնել որոշակի պայմանավորվածությունների ու հետագայում դրանց իրագործմանը:

“Տարածարջանային համատեղ ծրագրերը, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր կողմերը, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղը, կարող են իրենց նպաստը բերել խաղաղ կարգավորման հարցում: Տեղին կլինի, եթե միջազգային հանրությունը եւս տարածաշրջանային  իր ծրագրերն իրականացնելիս  առաջնորդվի այս սկբունքով“, -նշել է Ղուլյանը` բազմիցս շեշտելով, որ հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրությունն  ունի իր անելիքը:

“Գերմանիան եւս պարտավորություն է կրում տարածաշրջանի կայունության համար եւ պետք է ակտիվացնի իր արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում“,-նման կարծիք է հայտնել Բունդեսթագի նախկին պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզենը, ով ղեկավարել է Հարավային Կովկասի երկրների հետ խորհրդարանական խումբը:

Բյորնզենը թերեւս այն սակավաթիվ քաղաքական գործիչներից է, ով այցելել է Արցախ, եւ այլեւս զրկվել Արդբեջան այցելելու հնարավորությունից:  Ադրբեջանի նման քաղաքական վարքագիծը, ըստ նրա, միայն խանգարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Քաղաքական բանավեճից դուրս, ներկաները հնարավորություն ունեցան ցանոթանալ նաեւ Արցախի մշակույթին: “Իմ Արցախ” խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացվել են Արցախի նկարիչների աշխատանքները: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 11-ը:

Ծրագիրը համակարգում էր Բեռլինի Ազատ համալսարանի դոկտորանտ քաղաքագետ Անդրանիկ Ասլանյանը:

Տիգրան Պետրոսյան , Բեռլին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ