14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժամանակն է, որպեսզի Հայաստանը միջպետական գանգատ ներկայացնի ընդդեմ Ադրբեջանի. իրավաբան

Հունգարիայում կացնահարված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի ծնողները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի և անպայման գործը կշահեն: “Pastinfo.am”-ի թղթակցի հետ զրույցում նշել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նա պարզաբանեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 2-րդ՝ Կյանքի իրավունքը և 14-րդ՝ Խտրականության արգելում, հոդվածները, իսկ Հունգարիան՝ 2-րդ հոդվածը:

Ա. Ղազարյանն ընդգծել է, որ պետությունն ունի պարտավորություն՝ ապահովելու համարժեք պատիժ խոշտանգման ու կյանքի իրավունքից զրկելու գործերով: ՄԻԵԴ նախադեպային իրավունքը հստակ ասում է, որ եթե անձը դատապարտվել է խոշտանգման համար, ապա պատժի կատարման այնպիսի միջոցներ, ինչպիսին են ներումը, համաներումը, պայմանական վաղակետ ազատելը, փորձաշրջան սահմանելը, բացարձակապես պետք է արգելվի:

“Այսինքն՝ հատուկ վերաբերմունք պետք է հանրության կողմից դրսևորվի նման ծանր հանցագործություն կատարած անձանց նկատմամբ”,- նշել է Ա. Ղազարյանն, ընդգծելով, որ տվյալ դեպքում ոչ թե խոշտանգում, այլ դիտավորյալ, ծանր հանգամանքներում և այն էլ՝ ազգային պատկանելության խտրական հիմքերով սպանություն է տեղի ունեցել: Նախադեպային իրավունքը, իրավաբանի կարծիքով, միանշանակ կիրառելի է Հունգարիայի և Ադրբեջանի պարագայում՝ Հունգարիան չկարողացավ ապահովել համարժեք պատիժ, Ադրբեջանը չուզեց ապահովել համարժեք պատիժ, երկուսի կողմից էլ դա կոնվենցիայի խախտում է:

Բացի այդ, Ադրբեջանի դեպքում գործում է կոնվենցիայի 2+14 բանաձևը՝ կյանքի իրավունքից զրկում ու խտրականության արգելում: “Պարզից էլ պարզ է, որ Ալիևի կողմից Սաֆարովին ներում շնորհելու դրդապատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ Գուրգեն Մարգարյանը հայ է”,- ասել Արա Ղազարյանը, նկատելով, որ ներում շնորհելն իսկապես խայտառակ արարք էր՝ «նացիստական կառավարությունից հետո երևի ոչ ոքի մտքով չի անցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով մարդասպանին, այն էլ՝ նման հանգամանքում, խտրականության հիմքով, նախագահի մակարդակով ներում տալ»:

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի, խախտվել են նաև Դատապարտյալներին փոխանցելու մասին եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ դրույթներ: Իրավաբանի պարզաբանմամբ, կոնվենցիան հումանիտար նպատակներից ելնելով հնարավորություն է տալիս դատապարտյալներին իրենց պատիժը կրել հայրենիքում: Իսկ դա նշանակում է, որ չի կարելի կոնվենցիայի սահմանած կառուցակարգը օգտագործել որպես քող և դրա ներքո այլ նպատակ հետապնդել, օրինակ՝ անձին պատժից ազատել, ինչպես տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից և, հնարավոր է, նաև Հունգարիայի կողմից:

Մասնավորապես, հիշյալ կոնվենցիայի 9-րդ հոդվածի 3-րդ մասով արտահանձնվող դատապարտյալին ընդունող պետությունը պատժի կատարման հարցերը որոշելիս ամբողջությամբ առաջնորդվում է իր հայեցողությամբ և իր երկրի օրենքներով: “Ադրբեջանն առաջնորդվել է իր հայեցողությամբ՝ անտեսելով միջազգային հանրաճանաչ նորմերը՝ որոշել է ներում տալ, բայց չի կատարել երկրորդ պայմանը՝ չի առաջնորդվել իր երկրի օրենքներով՝ խախտել է իր երկրի օրենքը”,- ասել իրավաբանը: Այդ մասին հանձնել-ընդունելու հաջորդ օրն իսկ բարձրաձայնեցին Ադրբեջանի իրավագետները: Ըստ այդմ, Ադրբեջանի քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետով՝ ցմահ ազատազրկվածին կարելի է ներում շնորհել առնվազն 25 տարի պատիժը կրելուց հետո:

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությանը ադրբեջանական պատասխանում նույնպես առկա է մանիպուլյացիա: Դրանում նշվում է, որ ներում շնորհելը Ադրբեջանի նախագահի բացառիկ սահմանադրական իրավունքն է, որ ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը Հունգարիայում կրել է 8,5 տարի ազատազրկում և որ ներման ակտը կարելի է դիտարկել ցմահ ազատազրկման փոխարինումը այն պատժաչափով, որը նա կրել է:

Ըստ Արա Ղազարյանի, Ադրբեջանն իրավունք չուներ այլ պետությունում կրած պատժաչափը սահմանել որպես իր կողմից արդեն սահմանված ժամկետ: “Անընդունելի է ժողովրդավարական հասարակարգում կանխամտածված սպանության համար ներում տալ, այն էլ՝ ընդամենը 8,5 տարի պատիժը կրելուց հետո”,- ասաց Արա Ղազարյանը:

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի, ՄԻԵԴ-ը կարող է արձանագրել խախտում ու շատ կարևոր փաստեր, դրանից հետո վճիռը կմտնի քաղաքական դաշտ, իսկ քաղաքականությունն անկանխատեսելի է:

“Բայց գոնե վճռով արձանագրել, որ տեղի է ունեցել խախտում, արդեն դա Մարգարյանի ծնողների համար հնարավորինս խախտված իրավունքի վերականգնման եղանակ է: Միջազգային իրավունքում Եվրոպական դատարանի դերը սահմանափակված է միայն արձանագրելով խախտումը, որոշ խիստ հազվադեպ դեպքերում սահմանել պարտավորություն պետության նկատմամբ, թե ինչ պետք է արվի, որպեսզի վճիռը կատարվի, խախտումը վերականգնվի”,- նշել է Արա Ղազարյանը:

Հետաքրքրական ու ուսանելի են, ըստ նրա, ՄԻԵԴ նախադեպային ուժ ստացած վճիռները արտահանձման գործերով: Այսպես, գործերից մեկով, Թուրքիան հանձնել էր անձին Ուզբեկստան, որտեղ նա ենթարկվել է խոշտանգումների: ՄԻԵԴ-ի վճռով արձանագրվել է խախտում Թուրքիայի կողմից՝ վերջինս, ըստ վճռի, պետք է իրավիճակը գնահատեր ոչ թե ստացած երաշխիքներով, այլ պետության ներքին անցուդարձով, ներքին իրավիճակով:

“Այսինքն՝ կարելի է Հունգարիային նույնպես կանչել պատասխանատվության, այնքան շատ էին փաստական տվյալները հայատյացության, անհանդուրժողականության, որ չէր կարող չիմանալ, որ նրան ամենայն հավանականությամբ ազատ կարձակեն”,- ասել է Արա Ղազարյանը:

Արա Ղազարյանը գտնում է, որ արդեն հասունացել է պահը, արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանը ներկայացնի միջպետական գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ կոնվենցիայի 2-րդ, 3-րդ է և 14-րդ հոդվածների հիմքով՝ Կյանքի իրավունք, Խոշտանգումների արգելում, Խտրականության արգելում:

Ով և ինչպես պետք է պատասխան տա, եթե իրավական “սխալի” հետևանքով իրավիճակը տարածաշրջանում սրվի հարցին Արա Ղազարյանը պատասխանեց՝ Եվրախորհրդի մարմինները պետք է կանխեն դա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ