Մի՛ արեք դա, պարզապես մի՛ արեք. Վիգեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Որքան դժվար է իշխանություն լինելուց հետո ընդդիմություն դառնալը, այդքան հեշտ է երևում հակառակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
«Էս մեր ժողովուրդը, ոնց որ լրիվ հակահեղափոխական լինի: Վարչապետից է՛լ աշխատատեղ է պահանջում, է՛լ թոշակ, է՛լ ճանապարհ…. կարծես վարչապետն ուրիշ բան ու գործ չունի…
Որքան դժվար է իշխանություն լինելուց հետո ընդդիմություն դառնալը, այդքան հեշտ է երևում հակառակը: Հենց այն պահին, երբ ՀՀԿ-ն պատրաստվում է ստանալու վարչապետ Փաշինյանի կառավարության ընդդիմության խորհրդարանական քվեն, վարչապետի պաշտոնակատարը վստահորեն սկսում է անել իշխանական ուժի սովորական սխալները` իր անգործության մեջ փորձելով գտնել ժողովրդի մեղքը:
Պարո՛ն Փաշինյան, բարի գալուստ իշխանության աշխարհ: Պատկերացնո՞ւմ եք, այսուհետ ժողովուրդը Ձեզանից է ճանապարհ, դպրոց, հիվանդանոց, թոշակ և անգամ նպաստ պահանջելու: Այլևս դա Ձեր պարտականությունն է: Քննադատելու փոխարեն եկել է աշխատելու ժամանակը: Համաձայն եմ, դա այդքան էլ դյուրին չէ:
Ուզում էի մանրամասն վերլուծել Ձեր այս ելույթը, բայց կարդալով մեր համաքաղաքացիների մեկնաբանությունները, հասկացա, որ նույնիսկ Ձեզ չի հաջողվելու ժողովրդին մոլորության մեջ գցել Ձեր ճառերով: Ոնց որ քոմմենթներում իրավիճակ է փոխվել…. Մարդկանց պետք են իրական աշխատատեղեր, դրա համար անհրաժեշտ են ներդրումներ, հարգանք նախկինում կատարված ներդրումների և ներդրողների նկատմամբ, թե չէ վիճակն է՛լ ավելի կվատանա և ոչ միայն արտաքին քաղաքականության բնագավառում:
Ի դեպ, Ձեզ նորից, ինչպես և ԱԺ-ում Ձեր «10 տնտեսական փաստ» ելույթի համար, լրիվ սխալ թվեր էին տվել: Ո՞վ է Ձեր էկոնոմիկայի նախարարը կամ ռեֆերենտը: Հիմա սկսում եմ հասկանալ, թե ինչո՞ւ էիք Դուք միշտ մտածում, որ ռեֆերենտները սուրճ դնողներն են:
Հայաստանում աշխատողների և հարկ վճարողների թիվը 350.000 չէ, այլ առնվազն 500.000: Դա` չհաշված գյուղատնտեսությունը, որից Դուք պատրաստվում եք «փրկել» երկիրը:
Ի դեպ, Ձեր խորհրդականը վերջերս սպառնում էր կրճատել մոտ 150.000 պետական աշխատատեղ` հույս ունենալով, որ դրանք կտեղափոխվեն մասնավոր հատված: Արդյո՞ք դա արվելու է արտահերթ ընտրություններից առաջ, թե՞ անմիջապես հետո: Կարծում եմ, ճիշտ կլինի նախօրոք ասել, որ պոտենցիալ կրճատվողներն իմանան ո՞նց քվեարկեն դեկտեմբերի 9-ին: Խնդրում եմ, յոթ անգամ չափե՛ք, մեկ անգամ արեք, թե չէ կարող է նորից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն առաջանա:
Եվ վերջապես, Ձեր այս ելույթում հայտարարում եք, որ կտրելու եք մարդկանց նպաստը, որ գնան աշխատեն: Դա ֆինանսների նախարարությունից առաջարկած կլինեն Ձեզ` փող խնայելու համար: Գիտե՞ք, սովորաբար այդպիսի «բարեփոխումներից» առաջին հերթին տուժում են ամենաանապահովներն, ովքեր աշխատել իրոք չեն կարող: