“Փոխգործակցություն-2012”-ը կանցկացվի պատշաճ մակարդակով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է անցած ամիսների պետբյուջեի կատարողականին, 2012-2013-ի մրցունակության համաշխարհային զեկույցի Հայաստանի ցուցանիշներին, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցներին։ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ պարզաբանմամբ հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել “Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում “Փոխգործակցություն-2012″ համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման մասին” ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Զորավարժությունն անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 15-ից 19-ը և նպատակ ունի ցուցադրել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի կարողությունները համատեղ դիմադրելու բոլոր տեսակի սպառնալիքներին և մարտահրավերներին` զարգացնելով այդ ուժերի կարողությունները, բարձրացնելով ՀԱՊԿ համատեղ անվտանգության ուժերի և միջոցների համակարգված ներուժը` առկա և հնարավոր սպառնալիքների գոյության պայմաններում։
ՀՀ նախագահի հրամանագրով տրվող հանձնարարություններն ուղղված են զորավարժության նախապատրաստման ու անցկացման հետ կապված հիմնական միջոցառումների և աշխատանքների իրականացմանը։