Ինչու Նիկոլ Փաշինյանը չներեց Զարուհի Փոստանջյանին. Հրապարակ
Վերջին օրերին յուրահատուկ ակտիվություն է ցուցաբերում «Երկիր ծիրանի» կուսակցությունը, հայտարարություններ է տարածում, որով «գաղտնազերծում» է թավշյա հեղափոխության «ակունքները»՝ այն անմիջականորեն կապելով Սերժ Սարգսյանի ու Նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ: Հավերժ ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը հեղափոխությունը եւ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը համարում է կեղծ՝ ֆեյք, մերժում է «սատանայի բանաձեւը» եւ Սերժի «մերժումը»:
Հարկ է նշել, որ Փոստանջյանի այս մերժողական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նոր չէ: Դեռեւս 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ձեւավորվում էին քաղաքական դաշինքները, «Ժառանգություն» կուսակցությունը, որի անդամ էր նաեւ Զարուհի Փոստանջյանը, ցանկանում էր դաշինք կազմել այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ: Որպես տարբերակ՝ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած «ՔՊ»-ին միանալը, ինչին կտրականապես դեմ էր Փոստանջյանը: Նա դեռեւս այն ժամանակ էր Փաշինյանին համարում «իշխանության» մարդը եւ պայման էր դրել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջ՝ «Կամ ես, կամ Նիկոլը»:
Ըստ թերթի աղբյուրի, այդ ժամանակ Փաշինյանը հաճախ էր գնում «ժառանգության» գրասենյակ, որպեսզի դաշինք կազմելու գործը գլուխ բերի: Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, հարգելով իր գործընկերուհու կարծիքը, Փաշինյանի հետ քաղաքական դաշինք չի կազմում: Այնուհետեւ նա կանգ է առնում Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան «դուետի» վրա, իսկ ընտրապայքարին միայնակ մասնակցելու կողմնակից Զարուհին լքում է կուսակցության շարքերը եւ ստեղծում «Երկիր ծիրանին»:
Վերջինիս հեռանալը «ժառանգությունից» բավականին իջեցրեց կուսակցության վարկանիշը: Այժմ շատ ժառանգականներ են փոշմանել, որ Զարուհուն չեն լսել եւ միայնակ չեն գնացել ընտրություններին: Փաստորեն, Զարուհի Փոստանջյանն իր քայլով 2017- ին մերժեց Նիկոլ Փաշինյանին: Մեկ տարի անց Փաշինյանն արեց իր քայլը եւ «գրավեց Հանրապետության հրապարակը»:
Այս տարվա ապրիլ-մայիսին եւ, դրանից հետո, կարելի է ասել, հայաստանյան ողջ քաղաքական դաշտը ենթարկվում է Փաշինյանին: Գարնանը հեղափոխությանը միացել էր նաեւ Զարուհի Փոստանջյանը, ում հաճախ էինք տեսնում հանրահավաքների, քայլերթերի ժամանակ: Ապրիլի 22- ին ոստիկանությունը ձերբակալեց Նիկոլ Փաշինյանին, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակն ավելի մարդաշատ էր, քան նախորդ հանրահավաքների ժամանակ: Երբ չկար հեղափոխության առաջնորդը, ձերբակալված էին նաեւ Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը, հրապարակն իրենց ելույթներով թեժ էին պահում ոչ «պրոֆեսիոնալ» միտինգավորները: Այդ օրը Փոստանջյանը մոտեցավ ամբիոնին եւ ցանկացավ ելույթ ունենալ: Հրապարակը, սակայն, սկսեց սուլել եւ բացականչել՝ «հեռացիր»:
Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, նույնպես բարձրացավ բեմահարթակ եւ բառացիորեն քաշքշելով՝ Զարուհու ձեռքից խլեց բարձրախոսը: Երկար ժամանակ երկու կանայք իրար ձեռքից խլխլում էին բարձրախոսը: Այնուհետեւ Աննա Հակոբյանն իր ելույթում կատարվածը հիմնավորեց նրանով, որ Զարուհին ժամանակին ասել է, թե «Նիկոլը ծախված է»: Հրապարակի հասարակությունը մերժող «հու»-երով ճանապարհեց Զարուհի Փոստանջյանին, ում ժամանակին բոլորովին հակառակ վերաբերմունքի էր արժանացնում:
Այս միջադեպը, կարծես թե, բեկումնային եղավ Փոստանջյանի քաղաքական հեղինակության համար: Միջադեպից մի քանի ամիս անց արդեն Զարուհին անցել է գրոհի եւ բացահայտում է հեղափոխության «ֆեյքերին»: Առանց մեկնաբանելու այդ բացահայտումների բովանդակությունը, արձանագրենք, որ ժամանակին Փաշինյանը կամ, ավելի ճիշտ՝ նրա «թավշյա հեղափոխականները», չներեցին Զարուհուն՝ 2017-ին Նիկոլին մերժելու համար: Այսօր Զարուհին չի ներում Փաշինյանին՝ հրապարակավ իրեն մերժելու համար:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: