26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իմ Քայլի» ցուցակը դառնալու է Նոյան տապան, որտեղ Փաշինյանը հավաքելու է ամեն տեսակից մի քանի հատ

Այժմ ամենաքննարկվող թեման պատգամավոր դառնալու նպատակով «Լուսավոր Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցության անդամների ցատկն է դեպի «Քաղաքացիական Պայմանագիր»։ Արդեն հայտարարվել է, որ «Իմ Քայլը» դաշինքը կհամալրեն նաև «Հանրապետական» կուսակցության 3-4 անդամ, խիստ հավանական է, որ մի 3-4 հոգի էլ կգա ՀԱԿ-ից։ Կան մշտական Լեյտենանտ Շմիդտի զավակներ, որոնք միշտ հայտնվել են իշխանական և իշխանամերձ կուսակցություններում, և պատճառ չկա, որ այս իշխանությունները ևս չօգտվեն նրանց ծառայություններից։ Արդյունքում «Իմ Քայլի» ցուցակը դառնալու է մի Նոյան տապան, որտեղ Նիկոլ Փաշինյանը հավաքելու է ամեն տեսակից մի քանի հատ, և դա դառնալու է Հայաստանի ապագան որոշող քաղաքական մարմինը։

Այժմ շատ են կուսակցափոխ գործիչներին ուղղված քննադատությունները, անգամ հայհոյախառն բնութագրումները, սակայն նրանց քաղաքական բարոյականության ստանդարտները տեղավորվում են Հայաստանի նոր պատմության մեջ ընդունված իմպերատիվների մեջ, որոնք միշտ էլ ուղեկցել են քաղաքական դաշտի ձևավորումը և թավշյա հեղափոխությունը առանձնապես մեծ փոփոխությունների չի հանգեցրել այս ասպարեզում։ Պարզապես նշենք, որ նրանք մեծ բարոյական սահմանափակումներ չունեն, և անցնենք այն առավել կարևոր գործոնների քննարկմանը, որոնք Նիկոլ Փաշինյանին հանգեցրին այսպիսի մոզաիկա ստեղծելու անհրաժեշտությանը։

 Դեռևս մայիս ամսին, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ձայներ էին հնչում, որ անհարժեշտ է միանգամից, հեղափոխության ոգով փոխել նաև խորհրդարանը, և նման կտրուկ քայլի դեմ հնչող կարևոր փաստարկներից մեկն այն էր, որ «Քաղաքացիական Պայմանագիրն» այդ պահին ի վիճակի չէր ներկայացնելու մի 100 հոգանոց ցուցակ, անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի ձևավորվի այդ կուսակցությունը։ Անցել է ավելի քան կես տարի, մեկ կարևոր ընտրություն՝ Երևանի ավագանու ընտրությունը, մի քանի համայնքային ընտրություններ, ամենակարևորը՝ ՔՊ-ն կառավարող ուժն է, ինչը ամենալայն հնարավորություններն է տալիս համալրման համար, սակայն իշխանությունը չունի այլ տարբերակ, քան էկլեկտիկ ձևով ցուցակի ձևավորումը։

 Ամենակարևոր խնդիրը, որը թույլ է տալիս բոլոր քաղաքական գործիչներին ենթադրելու, թե իրենք կարող են տեղ ունենալ այս կուսակցության կազմում, գաղափարախոսական հիմքի բացակայությունն է։

Այս գործոնը Նիկոլ Փաշինյանի հպարտությունն է և, նրա կարծիքով, իր հաջողակ գործունեության հիմքը, քանի որ այս դեպքում չի լինում որևէ սահմանափակում, և կարելի է քաղաքականությունը ցանկացած պահի շրջել ցանկացած ուղղությամբ։ Ի դեպ, ճամբարափոխները ևս այս դեպքում մեծ խղճի խայթ չեն զգում, քանի որ չեն դավաճանում իրենց դավանած սկզբունքներին՝ ՔՊ-ն ընդունում է բոլոր սկզբունքները։

 Որպես իշխանության կազմավորման ելակետ հայտարարվել էր, որ չի գործի խնամի-բարեկամ-ծանոթ համակարգը և այնտեղ տեղ չեն ունենա նախկին կոռուպցիոներները։ Այս ֆիլտրերը չաշխատեցին, իշխանության մեջ բազմաթիվ են բարձր իշխանավորների ընկերներն ու բարեկամները, արդեն կոպտացվում են օդիոզ կոռուպցիոներները, անգամ ընտրությունների նախօրյակին մենք ականատես ենք լուրջ կոռուպցիոն սկանդալների։ Այնպես որ, Նոյան տապանի մուտքն արգելող համակարգ այժմ գոյություն չունի։ 

 Իհարկե, սպասելի էր, որ ընդամենը մի քանի օր իրար հետ քայլած համախոհների խումբը չի կարող ներկայացնել քաղաքական գործիչների և մասնագետների լուրջ բազա։ Սակայն անցած ընթացքում քայլողները չկարողացան դառնալ հանրային դեմքեր։ Բավական է միայն նշել, որ Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի գործիչները՝ իր տեղակալները, հանրությանը ավելի շատ հայտնի դարձան կնոջ հետ պետբյուջեի հաշվին Թայմզ Սքվերով զբոսնելու, մարիխուանայի օրինականացման, կոռուպցիոն սխեմաների և հարանման առիթներով։

Ընդունելով, որ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր առաջնորդ է, անհրաժեշտ է նաև շեշտել, որ նա վատ մենեջեր է։ Այդ մասին խոսում են կառավարության աշխատանքը քննադատողները, նշում են նաև պարտականությունների և որոշումներ ընդունելու բաշխման հարցերում թերությունները, սակայն կառավարչի կարևոր առանձնահատկությունն է նաև թիմի ձևավորումը և փոխարինողների պատրաստումը։ Ակնհայտ է, որ այս բնագավառներում Նիկոլ Փաշինյանի գործողությունները ձախողված են։

 Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հավաքված այս քաղաքականամերձ տեսականին համալրողները չեն կարող դառնալ քաղաքական գործիչներ։ Նրանք չեն ունենալու բարոյական սահմանափակումներ, գաղափարախոսական միասնություն, նրանց միավորելու է միայն Նիկոլ Փաշինյանի ցանկությունը։ Եվ ուրեմն, նրանք ծառայելու են միայն Նիկոլ Փաշինյանի ցանկությունների իրականացմանը»։

Աղասի Ենոքյան

քաղաքագետ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ