ՕԵԿ-ից հաղթող չկար
“Օրինաց երկիր” կուսակցությունը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում սեփական թեկնածուն չունի, քանի որ վստահ չէ, որ այդ թեկնածուն հաղթանակ կտաներ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը: Ըստ նրա` ՕԵԿ-ը իր թեկնածուներին առաջադրում է` ըստ նպատակահարմարության: “Եթե իմանանք, որ մեր թեկնածուն կլինի հաղթող, առաջադրում ենք”,-ասաց Միսակյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Վանաձորում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: ՀՀԿ-ն այստեղ առաջադրել է գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն` նախկին փոխմարզպետ Էդիկ Կարախանյանի:
Նրանց հետ պայքարելու են նաև ինքնաառաջադրված, ՄԻԱԿ տարածքային գրասենյակի ղեկավար, “Օրանժ Արմենիա” ընկերության Վանաձորի մասնաճյուղի նախկին կառավարիչ Տարոն Ապրեսյանը, փաստաբանների պալատի անդամ, “Պոպուլեքս” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Կարեն Թումանյանն ու ինքնաառաջադրված Տիգրան Գրիգորյանը:
ՕԵԿ խոսնակը տեղեկացրեց նաև, որ ՕԵԿ վանաձորյան գրասենյակը քննարկել և որոշել է սատարել Ս. Դարբինյանի թեկնածությունը: Հարցին, թե ինչու են հենց նրան ցանկանում սատարել, Միսակյանը պատասխանեց. “Մեր գրասենյակի անդամները վանաձորցիներ են և, ըստ նրանց, գործող քաղաքապետի աշխատանքները հույս են ներշնչում”: