Հոգևոր Դ.Ն.Թ է պետք իմանալու համար, Աստծո զավա՞կ ենք
Հոգևոր Դ.Ն.Թ է պետք իմանալու համար, Աստծո զավա՞կ ենք մենք:
Մեծ ուրախություն է լինում այն հոր համար, երբ որոշ կասկածներից հետո ԴՆԹ ստուգումից պարզվում է, որ իր արյունն է հոսում զավակի երակներում: Իսկ որքան առավել մեծ կլինի մեր Երկնավոր Հոր ուրախությունը, երբ զգա, որ բոլորս Իր զավակներն ենք, Իր անուն ենք կրում և մշտական հոգևոր հաղորդակցության մեջ ենք Իր հետ: Հովհաննես Առաքյալը իր ընդհանրական առաջին թղթում ասում է. «Տեսէ՛ք ինչպիսի սէր շնորհեց մեզ Հայրը, որպէսզի մենք կոչուենք Աստծու որդիներ»:
Հիմա տեսնենք Աստծու զավա՞կ ենք թե՞ ոչ.
«Ով ասում է, թէ ինքը լոյսի մէջ է եւ ատում է իր եղբօրը, սուտ է եւ խաւարի մէջ է տակաւին, որովհետեւ խաւարը կուրացրել է նրա աչքերը»։
«Ով սիրում է իր եղբօրը, բնակւում է լոյսի մէջ, եւ նրա մէջ գայթակղութիւն չկայ»։
«Ով ասում է, թէ՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատուիրանները չի պահում, սուտ է, եւ նրա մէջ ճշմարտութիւն չկայ»։
«Իսկ ով պահում է նրա խօսքը, Աստծու սէրը նրա մէջ ճշմարտապէս կատարեալ է. եւ սրանով ենք ճանաչում, որ Նրա մէջ ենք»։ «Ով ասում է, թէ ինքը Նրա մէջ է բնակւում, պարտավոր է այնպէս ընթանալ, ինչպէս որ Նա էր ընթանում»։
Մեր սիրելի Հովհաննես առաքյալի վկայված խոսքերը գալիս են փաստելու, որ մենք առանց Աստծուն հնազանդվելու չենք կարող Նրա զավակը լինել: Այն, որ շատ հաճախ լսում ենք, որ մարդիկ ասում են «Ես իմ Աստծուն եմ հավատում», պարզվում է, որ դա միանգամայն սխալ արտահայտություն է: Ամենքս չունենք մեր Աստվածը, Աստված մեկն է բոլորի համար և Նա Հայր է կոչվում բոլորիս համար, իսկ մենք Նրա զավակը կարող ենք լինել կատարելով նրա պատվիրանները: Այլապես ստացվում է այնպես, որ մենք ցավում ենք Քրիստոսի խաչելության համար, բայց մեզ մեղավոր չենք զգում այդ բանում, և գերադասում ենք մեղքը` խաչելության իրողությունից, ինչը աններելի է:
«Որդեակնե՛ր, թող ոչ ոք ձեզ չխաբի. ով արդարութիւն է անում, արդար է, ինչպէս որ նա՛ է արդար։ Եւ ով մեղք է գործում, այդ՝ Սատանայից է, քանի որ Սատանան մեղանչող է ի սկզբանէ։ Սրանո՛վ են տարբերւում միմեանցից Աստծու որդիները եւ Սատանայի որդիները»։ Ա. Հովհ. 3:7
Քրիստոնյան իրավունք չունի մանուկ մնալ հավատքի մեջ, և պարտավոր է աճ արձանագրել ամեն օր: Աստծո զավակին վայել վարքով օր եմ մաղթում ամենքիս:
Ծովիկ Դավթյան