Աննախադեպ ցայտնոտ. Հրապարակ
Եվ այսպես, արձանագրենք, որ մտանք ԱԺ ընտրությունների նախընտրական փուլ: Արդեն իսկ հայտնի է ընտրությունների օրը. դեկտեմբերի առաջին կիրակին՝ 9-ը: Դեկտեմբերին մեզանում դեռեւս ընտրություն չէր եղել: Նախ, որովհետեւ դեկտեմբերը ցուրտ ամիս է, ապա՝ Նոր տարվա նախօրեն է, եւ մարդկանց միտքը, որպես կանոն, զբաղված է ամանորյա հոգսերով ու տոնի սպասումներով: Այս ամսին մեզանում մշտապես իջնում է քաղաքական ակտիվությունը, մարդիկ սկսում են մթերք առնել կամ ուղեգրեր ձեռք բերել, ու բոլորը պատրաստվում են տոներին, որը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է:
Գուցե դեկտեմբերի 9-ը դեռ նախատոնական ակտիվ եռուզեռի շրջան չէ, սակայն, ցավոք, վարչապետի ընտրության օրն էլ, ընտրական ժամանակացույցով եւ Սահմանադրությամբ պայմանավորված, լինելու է դեկտեմբերի 31-ը: Այսինքն՝ տոլմայի ու բլինչիկի արանքում ազգս հետեւելու է ԱԺ նիստին ու վարչապետի ընտրությանը: Եթե այս ամենին գումարենք նաեւ այն, որ դեկտեմբերի սկիզբը, կոնկրետ՝ 7-ը, նաեւ երկրաշարժի հիշատակի օրն է, եւ այն համընկնելու է քարոզարշավի վերջին՝ ամենալարված օրվա հետ, պարզ կդառնա, որ ընտրությունների օրը, բոլոր առումներով, անհաջող է ընտրվել:
Այս իրողության հետ կարելի էր հաշտվել, իհարկե, եթե ունենայինք աննախադեպ ֆորսմաժորային իրավիճակ՝ բնական դեպքերով պայմանավորված ԱԺ անակնկալ արձակում, բայց ակնհայտ է, որ նման իրավիճակ չկա: Ոչինչ չէր խանգարի, եթե ընտրությունները նշանակվեին, ասենք, դեկտեմբերի կամ հունվարի կեսին՝ 10-15 օրում ո’չ հին Ազգային ժողովն ավերածություններ կաներ, ոչ էլ «Քաղպայմանագրի» քվեները կտրուկ անկում կապրեին: Փոխարենը մարդիկ հանգիստ Նոր տարի կանեին, քաղաքական ուժերը մի քիչ ավելի շատ ժամանակ կունենային պատրաստվելու, եւ այս աննախադեպ ցայտնոտը չէր լինի:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: