23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարող են «ժուռնալ» թվալ հայհոյանքները, որ այս 6 ամսվա ընթացքում եղել են. Շարմազանով

ԱԺ ընտրություններին ՀՀԿ մասնակցության՝ կնիքով որոշում չկա, բայց կուսակցությունում տրամադրվածությունն այդպիսին է։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա չբացառեց, որ վերջնական որոշումը կայացվի ՀՀԿ  համաժողովի ընթացքում։

Իր համոզմամբ էլ՝ ճիշտը մասնակցելն է, թեեւ կանխատեսում է, որ դժվար է լինելու. «Կարող է «ժուռնալ»  թվալ այն հայհոյանքները, որ այս 6 ամսվա ընթացքում եղել են։ Ես չեմ բացառում, որ այս 12 օրվա քարոզարշավին սեւ քարոզչությունն ավելի շատ լինի, բայց ինչ են անելու, գրելու են՝ «Շարմազանով 43», թող գրեն, դրանից ես ոչ թուլանում եմ, ոչ էլ պակաս վճռական եմ դառնում»։

ՀՀԿ-ն Փաշինյանի համար ձեռնտու ընդդիմություն է, թե ոչ՝ Շարմազանովը անհասկանալի քննարկում է համարում այս հացրի շուրջ վերլուծությունները։ Վստահ է, որ ՀՀԿ–ն ձեռնտու քաղաքական ուժ է եւ նվեր Հայաստանի համար, քանի որ, ըստ Շարմազանովի, ունի պրոֆեսիոնալ կադրային եւ քաղաքական բազա։

Նրա դիտարկմամբ՝ պետության շահից է բխում, որ ընդդիմության դերում լինեն ոչ թե «Սասնա ծռերը» կամ մեկ այլ կուսակցություն, որի նպատակը լինելու է՝ խելոք չպահեք, էլի զենքով կգանք, այլ այն ուժը, որը պետության կայունության եւ էվոլյուցիոն համակարգի կողմնակից է։

Էդուարդ Շարմազանովը կարծում է՝ ՀՀԿ–ն քարոզարշավը պետք է անցկացնի այնպես, ինչպես Շարմազանովն ու Աշոտյանը իրենց պահել են վերջին 6 ամսում։ 

Նա հիշեցրեց, որ 21–րդ դարում ՀՀԿ–ն երբեք ընդդիմադիր դիրքերից հանդես չի եկել եւ ոչ սովորական երեւույթ է իրենց ընդդիմադիր լինելը վերջին 6 ամսում։  

«Քարոզարշավը պետք է լինի հստակ մեր քաղաքական գնահատականները հնչեցնելը, եթե կա փաստարկված քննադատություն՝ պատասխանելը եւ ներկայացնելը մեր կարծիքները»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։

Ակնկալում է աշխույժ քարոզարշավ՝ կանխատեսելով, որ 4–5 հոգու վրա բեռն ավելի ծանր կլինի. «Բայց սա քաղաքական պայքար է եւ ես չեմ կարծում, որ պետք է նստենք թախտին՝ սպասենք բախտին. քաղաքական գործիչը պետք է պայքարի»։

Քարոզարշավի ընթացքում դաշտը «սեւ ու սպիտակի» բաժանելու միտում Շարմազանովը տեսնում է։ Ասում է՝ եթե կան մարդիկ, որոնք պետք է լինեն սպիտակ, ինքը պատրաստ է լինել սեւ։

«Կա շատ լուրջ հատված, որը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին եւ կա շատ լուրջ հատված, որը ընդունում է Նիկոլ Փաշինյանին։ Ես շատ լավ հասկանում եմ՝ ինչու պետք է ընտրել Նիկոլ Փաշինյանին, բայց չեմ հասկանում, թե ինչու չպետք է ընտրել այլ կուսակցությունների. եթե մարդը հեղափոխության կողմնակից  է, ինչո՞ւ չընտրի Նիկոլ Փաշինյանին, այլ «Լույս» դաշինքին եւ մյուսներին, որոնք թեւերը քշտած ծափահարում են Փաշինյանին»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։

Պարզաբանեց՝ եթե ՀՀԿ–ն սեւն է, ուրեմն ով համամիտ չէ Նիկոլ Փաշինյանի հետ, պետք է ձայն տա ՀՀԿ–ին եւ հակառակը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ