ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Հայաստանն ունի հավանական թեկնածուներ
Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի վերաբերյալ հստակ որոշում չունի, սակայն ունի հավանական թեկնածուներ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
«Թեկնածուներ Հայաստանը ունի: Մեր գնահատմամբ նրանք կարող են և կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն գործընթացը: Մենք վստահ ենք, որ կարող ենք այդ գործառույթն իրականացնել, եթե որոշենք առաջադրել թեկնածու: Մենք Հայաստանում բավարար ռեսուրս ունենք, որ կարողանանք թեկնածու ունենալ»,-ասաց Մնացականյանն ու հավելեց, որ չի կարող գործընթացներից առաջ ընկնել և ասել առաջադրելո՞ւ են թեկնածու, թե՞ ոչ:
Հարցին, թե Հայաստանը կկարողանա՞ արդյոք պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը, Մնացականյանը նշեց, որ դա օրակարգում է: Կազմակերպության անդամ պետությունների հետ բանակցությունները շարունակվում են: Դեռ ոչինչ վերջնական չէ: Մնացականյանը շեշտեց, որ չի կարող առաջ ընկնել ու որևէ բան ասել:
Նա կարևորեց, որ որոշումն անդամ բոլոր վեց երկրների համար էլ լավ լինի:
Մնացականյանը նշեց, որ Հայաստանի առաջնային շահագրգռվածությունն այն է, որ ՀԱՊԿ-ը, որպես հավաքական անվտանգության կազմակերպություն, շարունակի արդյունավետ գործել:
«Հաջորդ շաբաթ լինելու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, արտաքին գործերի նախարարների նիստ: Մշտական խորհրդում մշտական ներկայացուցիչները շարունակում են քննարկումները, պատրաստում են հանդիպումները մյուս մակարդակներում »,-տեղեկացրեց Մնացականյանը:
Անդրադառնալով Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ դա եղել է աշխատանքային մակարդակով:
«Աշխատանքային մակարդակով նշանակում է, որ պետությունների ղեկավարները կարիք չունեին հավաքվելու մի տեղ, այլ աշխատանքայի մակարդակով փաստաթուղթը ստորագրվել և հանձնվել է քարտուղարությանը»,- նշեց նա: